Կոչումների շնորհման համակարգը և ընթացակարգերը տևական ժամանակ է քննադատվում են: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանն ընդգծեց, որ կոչումներ տալու համակարգը պետք է վերացնել. «Ես կարծում եմ՝ դա ստեղծվել էր որպեսզի իշխանությունները կարողանան մանիպուլյացիա անել, դա արվեստագետների և մտավորականության վրա իշխելու մեթոդ էր: Եթե հիմա էլ շարունակվի կոչումների վազքը, ուրեմն մանիպուլյացիան շարունակվելու է: Իմ կոչումը բացարձակ ոչինչ չի փոխել, ընդամենը մի թղթի կտոր է: Դրանով ընդամենը դու սկսում ես քեզ արժևորել քո աչքում: Բայց ինչքան հայտնի մարդիկ կան՝ հայտնագործություններ արած, որ ոչ մի կոչում չունեն»:
Դերասանուհու խոսքով՝ ստեղծագործող մարդը չպետք է կախված լինի իշխանավորի քմահաճույքից, ցանկությունից. «Շարունակել մնալ նրա գնահատականին գերի՞: Այդ թղթի կտորով փորձում են կառավարելի դարձնել»:
Լ. Մնացականյանի դիտարկմամբ՝ նախկինում վախի մթնոլորտ էր. «Դաժանության մեջ ենք ապրել, ամեն վայրկյան կարող էին սպանել, վերացնել, հասցնել գաղթականի կարգավիճակի, ոչնչացնել ամեն ինչ: Երբ արդեն հեռվից ես նայում, հասկանում ես՝ աշխարհը ապրում էր, մենք վախեցած գոյատևում էինք»:Դերասանուհու խոսքով՝ մեր մշակույթը տարիներ շարունակ տուժել է. «Մեր մշակույթը վիրավոր և հալածված վիճակում է, դեռ երկար ժամանակ կմնա խոցված վիճակում, մինչ այժմ մշակույթը փրկում էին անհատները, նվիրյալ մարդիկ…»:
Մանրամասն՝ տեսանյութում:
0Comments