Չինացի սահմանապահները զբոսաշրջիկների սմարթֆոններում գաղտնալսող հավելված են ներբեռնում

Միևնույն ժամանակ օտարերկրյա հյուրերին արվող փոփոխությունների վերաբերյալ տեղյակ չեն պահում, ամեն տարի ինքնավար շրջան է այցելում մոտ 100 մլն մարդ

Չինաստանի սահմանային ոստիկանությունը գաղտնի կերպով լրտեսող հավելվածներ է ներբեռնում երկիր այցելող զբոսաշրջիկների սմարթֆոններում, ինչից հետո իրավապահները կարողանում են անձնական տեղեկություններ ստանալ: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մասին է:

Այստեղ բնակվում են մուսուլման ույղուրներ, որոնց ազատություններն ու իրավունքները խիստ սահմանափակված են չինական իշխանությունների կողմից: Նրանք փողոցներում և մզկիթներում տեղադրել են դիմաճանաչողական տեսախցիկներ, ինչպես նաև տեղի բնակիչներին պարտադրում են իրենց սմարթֆոններում «խուզարկող» ծրագրակազմ ներբեռնել:

The Guardian-ի և միջազգային գործընկերների իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ ինքնավար մարզ մուտք գործել պատրաստվող օտարերկրացիների սմարթֆոններում գաղտնի կերպով Էլեկտրոնային նամակները, տեքստային հաղորդագրությունները կարդացող, դեպի կոնտակտները հասանելիություն ստացող հավելվածներ են ներբեռնվում: Միևնույն ժամանակ օտարերկրյա հյուրերին արվող փոփոխությունների վերաբերյալ տեղյակ չեն պահում: 

Նշվում է, որ ամեն տարի ինքնավար շրջան է այցելում մոտ 100 մլն մարդ: