Շատ նոր առաջացող և զարգացող տեխնոլոգիաները մեծ պոտենցիալ են առաջացնում ֆիլմարտադրության զարգացման համար: Պե՞տք է սպասել կինոհեղափոխության: Իսկ ե՞րբ:
Տասնամյակներ շարունակ վիրտուալ իրականությունը (VR) կոչել են կինոյի ապագան: Ասում են, որ այն կկարողանա հեռուստադիտողին առաջարկել մի փորձ, որն անհամեմատ ավելի բազմամշակութային և գրավիչ (իմերսիվ) է, քան ավանդական կինոն կամ հեռուստատեսությունը:
1955 թվականին գրված «Ապագայի կինոթատրոնը» (The Cinema of the Future) էսսեում վիրտուալ իրականության ռահվիրա Մորտոն Հեյլինգը (Morton Heilig) կանխատեսել է, որ կինոն կզարգանա այնքան, որ այն կարող է նոր, գիտականորեն վառ աշխարհ բացել մարդու գիտակցության մեջ:
Հեյլինգն առանձնացրել է վիրտուալ իրականության բազմաթիվ հատկություններ, թեև չի օգտագործել այն տերմինները, որոնք մենք օգտագործում ենք, քանի որ դրանք պարզապես այն ժամանակ չէին հորինվել:
Բայց հիմա կինոյի ապագան արդեն եկել է, սակայն կինեմատոգրաֆիան դեռ շատ հեռու է առաջադեմ և ապշեցուցիչ տեխնոլոգիաներից, որոնք մենք տեսնում ենք որոշ գիտական ֆիլմերում:
Այնուամենայնիվ, շատ կինոգործիչներ արդեն փոխել են ավանդական տեսախցիկները, որոնք հնարավորություն են տալիս նկարահանել բոլոր հնարավոր անկյուններից (360 աստիճան), և այժմ կինեմատոգրաֆիան նման է սկզբնական տարիներին, երբ անընդհատ արվում էին նոր փորձեր (XIX դարի վերջ- XX դարի սկիզբ):
Կարելի է ասել, որ մենք հիմա գտնվում ենք նոր կինեմատոգրաֆիայի ձևավորման սկզբնափուլում:
Արագ զարգացող տեխնոլոգիաները մեծ ներուժ են պարունակում կինոյի ապագայի համար, օրինակ՝ վիրտուալ և լրացված իրականությունը, AI-ն (արհեստական ինտելեկտը) և համակարգչային շատ արագ աճող ուժ, որն առաջարկում է ավելի դետալացված, բարձր լուծումներով թվային աշխարհներ:
Ի՞նչ տեսք կունենան ֆիլմերը, որոնք կնկարահանվեն 20 տարի անց: Ինչո՞վ կտարբերվեն պատմությունները՝ պատմված ապագայի կինեմատոգրաֆիայի լեզվով:
Հատուկ ձեզ համար
Ըստ նկարիչ և վիրտուալ իրականության գուրու Քրիս Միլկի, ապագայի կինոնկարը կներկայացնի ձեր անհատական մոտեցումը, ձեր առանձնահատուկ կարիքները և իմերսիվ փորձը՝ հատուկ ձեզ համար:
Միլկը նշում է, որ նման ֆիլմերը միջոց կլինեն՝ զարգացնելու սյուժեն և գործողություններն իրական ժամանակում:
Միլկը կարծում է, որ տեխնոլոգիաների միջոցով կինոն կզարգանա այնքան, որ այն կհամարվի առօրյա կյանքի մի անբաժանելի մասը՝ միայն հորինված պատմության անհավանական էֆեկտներով:
2015 թվականին՝ խոսելով TED Talk-ի ժամանակ, Միլկը բնութագրում է վիրտուալ իրականության գեղարվեստական ներուժը: Նա կարծում է, որ արհեստական ինտելեկտի զարգացումը թույլ կտա կերպարներին՝ ստեղծված համակարգչի միջոցով, իրական ժամանակում արձագանքել մարդկանց պահանջներին: Պատկերացրեք, որ հիմա ձայնային օգնականներն ավելի կզարգանան և հանդես կգան ֆիլմերի դերասանների տեսքով:
Միլկը խոստովանում է, որ նման տեխնոլոգիա դեռևս ստեղծված չէ, բայց նշում է նաև, որ նման տեխնոլոգիան հաստատ կլինի ավելի վաղ, քան 20 տարին:
Իրականության ավելի լայն պատկերում
Ճանաչված վավերագրողը, լրագրողը և Wall Street Journal-ի վարկածով «վիրտուալ իրականության աստվածուհի» Նոնի դե լա Պենյան ասում է, որ առաջին բանը, որ գալիս է իր մտքին, երբ նա մտածում է կինոյի ապագայի մասին, «եռաչափ պատկերն է»՝ ի տարբերություն այսօրվա ստանդարտ երկչափ էկրանների:
Պենյան կարծում է, որ ապագայում հարթ և տափակ էկրանները կօգտագործվեն և կիրառելի կլինեն, ինչպես այսօր կիրառելի է ռադիոն, բայց կինեմատոգրաֆիան ոչ մի կերպ հիմնված չի լինի հարթ էկրանների վրա:
Դրա փոխարեն՝ հեռուստադիտողներին կառաջարկվի ամբողջությամբ ներգրավվել ֆիլմի աշխարհում, քանի որ կգա երիտասարդ լսարան, որը փոքր տարիքից սովորել է վիրտուալ իրականությանը:
Մեր աշխարհի վիրտուալ պատճենը
Յուջին Չանգը՝ վիրտուալ իրականության մասին պատմող Allumette ֆիլմի գլխավոր ռեժիսորը, վերջին տարիներին ակտիվորեն խոսում է ապագայի կյանքի և հատկապես կինեմատոգրաֆիայի մասին:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունում ապագայի քաղաքում, որը սավառնում է ամպերում: Այն նկարահանված է նորագույն տեխնոլոգիայով, որը կոչվում է «ազատության 6 աստիճանը» (6Dof, իմերսիվ գրաֆիկա): Տեխնոլոգիան թույլ է տալիս դիտողներին ֆիզիկապես տեղաշարժվել ստեղծված աշխարհում:
Հետագայում, ըստ Չանգի, VR-ը կմիանա AR Cloud-ի հետ, որը, ըստ էության, մեր աշխարհի թվային օրինակն է:
«Պատկերացրեք Google Earth-ի շատ մանրամասն տարբերակը, որի մեջ ոչ միայն փողոցները, այլև ողջ աշխարհը ցուցադրվում է բոլոր մանրամասներով»,- առաջարկում է նա: «Մենք այս աշխարհը խառնելու ենք բարձրակարգ վիրտուալ իրականության հետ, որի տեխնոլոգիան այսօր արդեն շատ տպավորիչ է»:
Չանգի խոսքերով՝ ապագայում ֆիլմերն անմիջապես շրջապատելու են մեզ: Օրինակ՝ դուք կարող եք արթնանալ և ձեր կողքի սեղանին տեսնել սիրելի կինոհերոսին: Արդեն հիմա ստեղծվում են ֆիլմեր, որոնք աշխատում են հենց այս ուղղությամբ: Օրինակ՝ «Նա» ֆիլմը, որն ամերիկյան ֆանտաստիկ մելոդրամա է:
0Comments