Հանգիստ նստեց տեղը

Փաստացի հեղափոխական պատգամավորն այնքան էր ոգևորվել հեղափոխության հրապույրից, որ առաջարկում էր բարձր տուգանքներ և քրեական պատիժ սահմանել Նիկոլ Փաշինյանի` նախկինում իրականացրած բոլոր արարքների համար

Մենք արդեն անդրադարձել ենք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խայտառակ օրենսդրական նախաձեռնությանը, որով նա առաջարկում էր քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել տուգանքով կամ կալանքով: Մասնավորապես նախագծով առաջարկվում է, որ իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Փաստացի հեղափոխական պատգամավորն այնքան էր ոգևորվել հեղափոխության հրապույրից, որ առաջարկում էր բարձր տուգանքներ և քրեական պատիժ սահմանել Նիկոլ Փաշինյանի` նախկինում իրականացրած բոլոր արարքների համար: Բանն այն է, որ ընդդիմադիր ողջ գործունեության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններ է արել իշխանության ներկայացուցիչների հասցեին` պիտակավորել ու անվանարկել նրանց, խոչընդոտել ոստիկանների և այլ իշխանավորների աշխատանքը: Օրինակ` երբ Փաշինյանը մեկ տարի առաջ` հեղափոխության օրերին, անտեսելով ոստիկանության օրինական պահանջները, ներխուժեց Հանրային ռադիոյի շենք, արդյոք իշխանության ներկակացուցչի աշխատանքի խոչընդոտում չէր: Կամ երբ Փաշինյանը, ոստիկանական պատը ճեղքելով, շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա, դա ինչ էր, եթե ոչ ոստիկանության աշխատանքի խոչընդոտում: Եվ ընդհանրապես, շատ հետաքրքիր է, թե ինչ ընթացք կստանար թավշյա հեղափոխությունը, եթե այն ժամանակ մենք արդեն իսկ ունենայինք ՔՊ-ական պատգամավորի կողմից այժմ առաջարկվող օրինագիծը: 

Ինչևէ, պատգամավորի` Քրեական օրենսգրքում օրենսդրական նորամուծություն կատարելու նախաձեռնության հանրային արձագանքները, մեղմ ասած, շատ բացասական էին: Եվ ընդամենը մեկ օր անց պարզվեց, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը շրջանառությունից ժամանակավորապես հանել է աղմկահարույց նախագիծը: Իշխանության համապատասխան օղակներում հավանաբար հասկացել էին, որ իրենց նորելուկները հերթական չմտածված քայլն են արել, որը ավելորդ անգամ բացասաբար է ազդելու վարչապետի և իշխանության իմիջին: Արմեն Խաչատրյանին թերևս բացատրել են, որ պետք է հանգիստ նստի տեղը և հրաժարվի իր օրենսդրական մտահղացումից, հակառակ դեպքում հեղափոխությունը կդառնա հետին թվով դատապարտյալ:
Հնարավոր է իհարկե, որ օրինագծի մտահղացումն ի սկզբանե համաձայնեցվել է իշխանական պատգամավորական խմբակցության հետ, բայց երբ տեսել են, որ հանրությունը բացասական է արձագանքում, որոշել են հետողորմյա անել: Ի դեպ, առաջին անգամը չէ, որ իշխանությունը նախ գնում է նման չմտածված քայլերի, հետո հասկանալով, որ սկանդալ է պայթում, արագ հրաժարվում է նախնական մտադրությունից:

hayeli.am