Մայիսի 13-ին Բրյուսելում գտնվող վարչապետ ՆիկոլՓաշինյանը չի մասնակցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ կազմակերպված Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողի հարցին, թե Հայաստանում հնչում են քննադատություններ՝ ինչո՞ւ վարչապետը մասնակցեց միայն պաշտոնական ընթրիքին և ոչ բարձր մակարդակի կոնֆերանսին և արդյոք հիմք ունե՞ն այդ քննադատությունները, նախարարը պատասխանել է. «Վարչապետն ուներ իր ծրագիրը: Չեմ կարծում, որ արժի սրա վրա կառուցել մի տեսություն, թե ինչու այսպես պատահեց, որովհետև եղել են տարբեր ղեկավարներ տարբեր մակարդակներով։ Ես մնացել եմ, շարունակել եմ, մասնակցել եմ: Ձեզ հետ միասին մասնակցում էինք բոլոր միջոցառումներին, որոնք տեղի էին ունենում այսօր։ Ի դեպ, շատ գործնական և շատ լավ այց էր վարչապետի կողմից, որովհետև երեկվա քննարկումները, շփումները շատ գործնական էին, շատ լավն էին. և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով տեղի ունեցան բազմաթիվ շփումներ, գնահատականների, մտքերի բազմաթիվ փոխանակումներ: Այսօր դա շարունակվեց: Գործնական առումով մենք շատ գոհ ենք: Ինչ վերաբերում է, թե ինչու այսպես կամ այնպես, ի վերջո, նորից կրկնեմ` սա շատ կարևոր միջոցառում էր այն առումով, որ սա տասնամյակի նշում էր` շատ լավ կազմակերպված: Մենք մասնակցեցինք, բայց նաև վարչապետն ուներ մեկ այլ այց, որը նույնպես կարևոր էր և նույնպես պետք էր իրականացնել: Եվ Բրյուսելից մինչև Պեկին հասնելը ժամանակ է տևում, դրա համար կարողացանք հարմարեցնել և բոլորս միասին պայմանավորվել հյուրընկալող կողմի հետ։ Այս ամենը նորմալ է։ Այսինքն կարիք չկա կառուցելու ենթադրություն, թե ինչու է այսպես, թե այնպես»:
Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին մասնկացությանը, երկուշաբթի գրել էր. «Առնվազն տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը ողջ հոբելյանական ծրագրից ներկա է գտնվելու միայն այսօր երեկոյան Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից կազմակերպվելիք տոնական ճաշկերույթին և համերգին, իսկ քաղաքական միջոցառմանը՝ ընդլայնված ձևաչափով բարձր մակարդակի կոնֆերանսին, Հայաստանը վաղը ներկայացված կլինի ընդամենն արտգործնախարարի մակարդակով:
Այս պահին կարող եմ ենթադրել այս քայլի երեք հիմնական պատճառ, որոնցից և ոչ մեկը սակայն չի արդարացնում Հայաստանի վարչապետի վաղվա բացակայությունը»:
0Comments