Տղամարդկանց ուղեղն ավելի արագ է ծերանում, քան կանանցը

Հետազոտությանը մասնակցել է 20-82 տարեկան 205 անձ

Վաշինգթոնի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ կանանց ուղեղը շուրջ չորս տարով ավելի դանդաղ է ծերանում, քան տղամարդկանցը: Այդ պատճառով տարիքի հետ կանայք ավելի երկար են պահպանում կոգնիտիվ կարողությունները եւ հիշողությունը: Կատարված հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 20-82 տարեկան 205 անձ (121 կին եւ 84 տղամարդ): Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց ուղեղում մետաբոլիկ գործընթացները դանդաղում են ավելի արագ, քան կանանց մոտ: Սա նշանակում է, որ տղամարդկանց ուղեղն ավելի արագ է ծերանում:

Հետազոտության կին մասնակիցների ուղեղը 3,8 տարով «ավելի երիտասարդ է» նրանց փաստացի տարիքից, մինչդեռ տղամարդկանց ուղեղը 2,4 տարով «մեծ է» նրանց իրական տարիքից: 

Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Մանու Գոյալը նշում է, որ կանանց մոտ տարիների ընթացքում կոգնիտիվ կարողություններն ավելի դանդաղ են նվազում, քան տղամարդկանց մոտ, այդ իսկ պատճառով կանանց ավելի հեշտ է ստեղծագործել կամ նոր հմտություններ ձեռք բերել հասուն տարիքում: Որպես կանոն, տարեց կանայք ինտելեկտուալ եւ հիշողության վերաբերյալ թեստերն ավելի լավ են հանձնում, քան տղամարդիկ:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Վալերի Մամաեւը, սակայն, նշում է, որ օրգանիզմի տարբեր համակարգերում ծերացման գործընթացը տարբեր ժամանակ է սկսվում եւ տարբեր արագությամբ ընթանում: 

«Ծերացման արագությունը կախված է շատ գործոններից՝ ազգություն, սննդակարգ եւ այլն: Սակայն, որպես կանոն, կանանց մոտ ցանկացած համակարգ ավելի շուտ է սկսում ծերանալ, քան տղամարդկանց մոտ, սակայն այդ գործընթացը դանդաղ է ընթանում: Օրինակ, կանանց մոտ ծերացման գործընթացը սկսվում է 20 տարեկանից հետո, տղամարդկանց մոտ՝ 30-ից, բայց՝ ավելի արագ: Այդ պատճառով տարեց կանայք ավելի երիտասարդ են լինում, քան տղամարդիկ»:

doctors.am