Եթե Հայաստանին հին կամ նոր բնորոշում տալու անհրաժեշտություն կա, ապա ՀՀ նախագահը նախընտրում է տալ երիտասարդ ածականը։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ինքը՝ Արմեն Սարգսյանը։ Նա ասաց, որ երիտասարդությունն ապրելաձև ու հոգեվիճակ է, ոչ թե կապված է տարիքի հետ։
«Էնպես որ, ես կարծում եմ՝ երիտասարդ Հայաստանն ավելի հարազատ է ինձ։ Եվ ընդհանրապես, լավ միտք է․ ես հայ եմ, երիտասարդ եմ։ Այսինքն` ես հայ եմ, պատրաստ եմ փորձության։ Ես հայ եմ, պատրաստ եմ նորամուծության։ Ես հայ եմ, պատրաստ եմ ուժեղ, նոր երկիր կառուցելուն»,- ասաց նախագահն ու ժպտաց՝ կրկնելով «նոր երկիր» արտահայտությունը։
Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, ապա դրա մասին խոսելիս, ըստ Սարգսանի, պետք է դիտարկել ամբողջ աշխարհը։ Նա բացատրեց փիլիսոփաների, տնտեսագետների ու պատմաբանների կողմից պատմական շրջափուլերի բաժանումները․ գիտության ամեն նոր խոշոր հայտնագործություն բերել է տնտեսության մեջ արդյունքի կիրառման ու տնտեսության նոր մակարդակի բարձրացման։
«Սակայն իմ պատկերացմամբ և իմ գնահատականով մենք թևակոխել ենք նոր շրջան, որտեղ ոչ թե հերթական հեղափոխություն է, այլ պերմանենտ հեղափոխություն է … այսինքն` աստիճանաձև արդյունաբերական զարգացմանը սկսում են փոխարինել էքսպոնենցիալ, շատ արագ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ամեն օր», – ասաց նախագահը։
Սարգսյանն օրինակով բացատրեց, որ 30-35 տարի առաջ Հայաստանում ֆաքսի ընդամենը 1-2 մեքենա կար, և եթե որևէ մեկին ասվեր, որ հնարավոր է լինելու, օրինակ, Ավստրալիայի բարեկամի հետ կենդանի վիդեոզրույց վարել տանը նստած, մարդիկ կժպտային ու կմտածեին՝ երազում ես։
«Ապագա 20-30 տարում փոփոխությունները հսկայական են լինելու, և դրանց հիմքում ընկած են լինելու վերջին տեխնոլոգիաները․ լինի դա լազերային տեխնիկայի օգտագործում տարբեր ոլորտներում՝ առողջապահության, բժշկության ոլորտում, կամ ասենք լազերային տեխնոլոգիայի օգտագործումը պարզ` հողի խոնավությունը չափելու, այսինքն` գյուղատնտեսության համար։ Ուրիշ կարևոր ոլորտ է լինելու էսպես կոչված հսկայական ծավալի տեղեկությունների, ինֆորմացիայի կառավարումը, որն անուն ունի՝ big data: Եվ այդ big data-ն լինելու է ամեն տեղ։ Այսօր արդեն կա ամեն տեղ», – բացատրեց Արմեն Սարգսյանը։
Նա սրանից եզրակացրեց, որ անհրաժեշտ է լինելու, որ մարդը սկսի կիրառել արհեստական բանականությունը։ Նախագահը բացատրեց, որ արհեստական բանականությունը ոչ միայն կկարողանա վերլուծել մեծ ծավալի ինֆորմացիան, այլև կկարողանա սովորել իր իսկ փորձի հիման վրա։
0Comments