Ժողովուրդը սպասում է, որ կյանքը լավանա, բայց հակառակն է լինում. Մարուքյան

Կյանքը վատանում է, կրճատումներ են լինում

Ամփոփելով հեղափոխության մեկ տարին՝ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է.

«Իշխանության ամենամեծ խնդիրը կադրային քաղաքականություն է, ու բազմաթիվ բնագավառներում տեսլական չունենալը: Եթե լիներ յուրաքանչյուր ոլորտի մասին տեսլական ու կադրային քաղաքականությունն ավելի լավը լիներ, քան կա, հեղափոխության արդյունքների կապիտալիազացիան մոտավորապես հինգ անգամ ավելի արդյունավետ կլիներ»:

Մարուքյանը հիշեցնում է, որ մեկ տարի է՝ կառավարությունն աշխատում է, ու իրենք էլ չգիտեն, թե ինչ կառուցվածք են ուզում. «Մեկ տարի է` չգիտեն փոխմարզպետներին ազատելո՞ւ են, թե՞ ոչ: Հինգ ժամ կարող եմ թվարկել, թե էլի ինչեր: Մի տարի է՝ Հարկային օրենսգրքից խոսում ենք, երեկ նոր ստացել ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Այնպես չի, որ մեզնից կադրեր չեն գնացել կառավարություն: Եթե առաջարկ եղել է, ասել ենք՝ գնացեք, աշխատեք: Որևէ ափսոսանք չունենք, դրա մասին շատ ենք խոսել: Եթե ինչ-որ բան սխալ արած լինեինք, ապա քաղաքական արենայում գոյություն չէինք ունենք, մինչդեռ ավելին ենք, քան կայինք: Ամեն ինչ շատ լավ է եղել, շատ ճիշտ է եղել: Հիմա պետք չէ հետ նայել ու տեսնել, թե ով ինչ ասեց ու արեց, այլ առաջ նայենք ու կապիտալիզացնենք ունեցածը»:

Մարուքյանն ասում է, որ ժողովուրդն անհամբեր է և ամենօրյա ռեժիմով սպասում է արդյունքների՝ երբ կյանքը կլավանա:

«Կյանքը վատանում է, կրճատումներ են լինում: Մշակույթի նախարարության պետական հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի աշխատակիցները, որ ամսական 50 հազար դրամ աշխատավարձ են ստանում, յուրաքանչյուր ամիս բարձրանում էին որևէ սարի լանջի վրա` տեսնելու՝ հուշարձանն ինչ վիճակում է գտնվում: Հիմա արդեն մի քանի ամիս է, այդ մարդիկ հավելյալ գումարները չեն ստանում ու իրենց գրպանից են գումար ծախսում, որ գնան, տեսնեն, թե այդ հուշարձաններն ինչ վիճակում են»,- ասել է Մարուքյանը: