Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն «ատելության վաճառական» է անվանել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Facebook-ի իր էջում Ղրիմի ղեկավարն այդպես է արձագանքել Պորոշենկոյի՝ Ղրիմը հնարավորինս կարճ ժամկետներում Ուկրաինայի կազմ վերադարձնելու մասին հայտարարությանը։
«Ամեն անգամ, երբ Պորոշենկոն հիշում է Ղրիմի մասին, թերակղզու բնակիչները հիշում են նրա խայտառակ վտարումը Սիմֆերոպոլից 2014 թվականի փետրվարին», - գրել է Ակսյոնովը, որն Ուկրաինայի նախագահի նման հայտարարությունները համարում է նախընտրական քարոզչության մաս։
«Ռազմական հռետորաբանությունը նրան չի օգնի վերընտրվել (նախագահական) երկրորդ ժամկետում։ Նա սնել է Ուկրաինան ատելությամբ, և այդ տարբերակն այլևս չի աշխատում։ Բայց այլ ապրանք նա չունի, նա ատելության վաճառական է, այդ իսկ պատճառով ուրիշ ոչինչ չի կարող առաջարկել իր ընտրողին», - գրել է Ղրիմի ղեկավարը։
Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի թերակղզին ՌԴ-ին է միացվել 2014 թվականին՝ ժողովրդական հանրաքվեի միջոցով։
0Comments