Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական գործողության ականատեսներից Ռամզան Ալին NZ Herald պարբերականին պատմել է, թե ինչպես է փրկվել հրաձգությունից:
«Ես տեսա, թե ինչպես են մարդիկ վազում դեպի դռները: Նա ներս մտավ գլխավոր մուտքից, իսկ մզկիթի երկու կողմում ևս երկու դուռ կար: Ես մզկիթից ողջ դուրս եկած վերջին մարդն էի: Երբ շուրջս նայեցի, դռների երկու կողմում սպանված մարդիկ էին ընկած»,- պատմել է ականատեսը:
Ալիի խոսքով՝ հրաձգության պահին Դինս պողոտայում գտնվող մզկիթում շուրջ 300 մարդ է եղել: Տղամարդը դուրս է եկել պատուհանից և փրկվել հրազենի կրակոցներից:
Ականատեսը պատմել է նաև, որ հարձակում կատարած անձը մի քանի անգամ դադարեցրել է հրաձգությունը, որպեսզի լիցքավորի ինքնաձիգը:
Հայտնի է, որ մզկիթներից մեկում կրակ բացած անձը 28-ամյա Բրենթոն Տարանտն է, որն իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է հրաձգությունը: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է Բրենթոնին, վաղը նա կկանգնի դատարանի առաջ:
Հրաձգությունների հետևանքով 49 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:
0Comments