ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնից։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված փաստաթղթերը կազմվել են փետրվարի 24-ին Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետարանի հարակից տարածքում տեղի ունեցած ֆիզիկական ներգործության փաստով։
ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 24-ին Փարաքարի համայնքապետարանի շենքում, ապա՝ դրսում, վիճաբանություն է տեղի ունեցել համայնքապետարանի աշխատակիցների և քաղաքացու միջև։
Տեղում պարզվել է, որ միջադեպին մասնակցություն են ունեցել Փարաքար գյուղի բնակիչ 34-ամյա Էրիկ Ասատրյանը, Թաիրով գյուղի բնակիչ 36-ամյա Հրաչյա Շառոյանը և Փարաքար գյուղի բնակիչ 35-ամյա Արամ Սուքիասյանը։
Վերջիններս կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Փարաքար գյուղի բնակիչ 39-ամյա Էդգար Հովակիմյանի հետ, որի ընթացքում էլ, ըստ օպերատիվ տեղեկությունների, ծեծի են ենթարկել վերջինիս։
Կասկածյալներից Է. Ասատրյանն աշխատում է Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ, Ա. Սուքիասյանն աշխատում է Փարաքարի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տեղակալ-ինժեներ, իսկ Հ. Շառոյանը Փարաքարի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
0Comments