Մի քանի կազմակերպություններ փորձում են անընդհատ «պարտք, պարտք» բառը կրկնելով` հասնել ինչ-ինչ նպատակների. Անահիտ Ավանեսյան

Մանրամասներ
անահիտ

ՀՀ  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չնայած, որ տարվա ամփոփիչ ասուլիսին պատասխանել եմ բժշկական կենտրոնների կողմից մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսավորման ընթացքի մասին հարցին, որոշ կայքեր և անձինք դեռ փորձում են շահարկել թեման:

Եվ այսպես, 2024թ. պետական պատվերի ծառայությունների դիմաց ֆինանսավորումը կազմել է 127 մլրդ դրամ, որը 9 մլրդ դրամով ավելի է, քան 2023թ. փաստացի և 2024թ. տարվա սկզբին հաստատված բյուջեները: Այս աճը ցույց է տալիս, որ մենք, դիմելիության օբյեկտիվ աճով պայմանավորված, կարիքը բավարարել ենք և ապահովել ենք կատարողականների դիմաց պատշաճ ֆինանսավորումը, չնայած որ 2024թ. առաջին տարին էր օֆերտայի համակարգին անցում կատարելուն, և բավական դժվար էր կանխատեսել դիմելիության աճը:

Նշեմ, որ 40-ից ավելի ենթածրագրերից ամբողջ տարվա ընթացքում ժամանակավոր հերթագրման անցել են միայն մի քանիսը, և միայն 3-ի դեպքում է այդ հերթը 2 ամսից ավելի եղել:

Տարվա ավարտին իրականացվել է վերաբաշխում` համաձայն ընթացակարգի 11 ամիսների միջին կատարողականի ցուցանիշներով իրականացված կանխատեսումների, սակայն դեկտեմբերի 15 օրերի համար ներկայացվել է հավելյալ կատարողական:

Առողջապահության նախարարությունն իրականացնում է երկու հավասար կարևոր գործառույթ` ապահովել մեր քաղաքացիների առողջապահական աճող կարիքների բավարարումը և ծախսվող միջոցների արդյունավետության ապահովումը: Այդ պատճառով անընդհատ աճող բյուջեին զուգահեռ` պետք է խստացնենք նաև կատարողականների հավաստման գործընթացը, և դա պետք է իրականացնենք մինչև ֆինանսավորումը:

Համաձայն ընթացակարգի` հավելյալ կատարողականները հիմա ուսումնասիրվում են, և օբյեկտիվ աճերը միանշանակ կֆինանսավորվեն նորից` ըստ ընթացակարգի:

Որքանով հասկացա, մի քանի կազմակերպությունների այս մանրակրկիտ մոտեցումը դուր չի եկել, և փորձում են մամուլի միջոցով անընդհատ «պարտք, պարտք» բառը կրկնելով` հասնել ինչ-ինչ նպատակների:

Ասեմ, որ այս տարի դեկտեմբերի երկրորդ կեսի ֆինանսավորումն առաջին անգամ կիրականացվի ոչ թե փետրվարին, այլ` հունվարին, այսինքն` դեռ մի բան էլ ֆինանսավորման ժամկետները առաջ են բերվել. այնպես որ, այդ մի քանի կազմակերպություններին խորհուրդ կտամ հանգիստ սպասել ուսումնասիրության արդյունքներին և ֆինանսավորմանը, եթե, իհարկե, ամեն բան կարգին է իրենց մոտ»