ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն այն արատները կամ հիվանդությունները, որոնց առկայության դեպքում բուժաշխատողները չեն կարող զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ–ի համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
«Մինչ այդ բժիշկները Կառավարության 347Ն որոշման համաձայն անցնում էին հետազոտություններ՝ թերապևտի, մաշկավեներաբանի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի զննում, հետազոտություններ՝ տուբերկուլյոզի, սիֆիլիսի, աղիքային վարակիչ հիվանդությունների, հելմիթակրության, քիթըմպանի ախտածին ստաֆիլոկոկի նկատմամբ և բացասական արդյունքի դեպքում շարունակում աշխատել: Այս նոր կարգավորման դեպքում ավագ բուժաշխատողները պետք է հետազոտվեն հոգեկան հիվանդությունների առկայության/ բացակայության համար: Ստացվում է մի իրավիճակ, որ նախագիծը ընդունելուց հետո բժշկական հիմնարկների տնօրենները ստիպված են լինելու բոլոր բժիշկներին ուղարկել հոգեբուjժի խորհրդատվության և բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով: Նաև հասկանալի չէ, այդ տեղեկանքը քանի տարին մեկ պետք է ներկայացնել և ով է վճարելու այդ տեղեկանքի համար: Իսկ ինչ վերաբերվում է հոգեկան և վարքի խանգարումներին` կապված հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ, հարգելի բժիշկներ, դուք ստիպված եք լինելու ժամանակ առ ժամանակ, երբ կուզի ձեր գործատուն, հանձնել արյան, մեզի և այլ հետազոտություններ, որպեսզի ապացուցեք, որ դուք ԹՄՐԱՄՈԼ կամ ԱԼԿՈՀՈԼԻԿ չեք...», – գրել է նա։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը e-draft հարթակում հրապարակել է «Բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը սահմանելու մասին» որոշման նախագիծը։
Ըստ հիմնավորման, այս նախաձեռնությունը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարված լրացումներից, որոնք Կառավարությանը լիազորում են սահմանել բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող պայմանների ցանկ։
Նախագծով նախատեսվում է ՀՄԴ-10 դասակարգչի հիման վրա սահմանել այն հիվանդություններն ու ֆիզիկական արատները, որոնց առկայության դեպքում բուժաշխատողները չեն կարող զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Այս ցանկը կլինի լիցենզավորման գործընթացի մաս՝ հիմք հանդիսանալով անհատական լիցենզիաների տրամադրման մերժման կամ դադարեցման համար։
Համաձայն ներկայացված նախագծի՝ բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտող պայմանները ներառում են հետևյալ հիվանդություններն ու արատները. երկու աչքերի կուրություն, օրգանական և սիմպտոմատիկ հոգեկան խանգարումներ, հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ կապված խանգարումներ, շիզոֆրենիա և զառանցանքային խանգարումներ, տրամադրության խանգարումներ, մտավոր հետամնացություն, շնչառական օրգանների տուբերկուլյոզ։
0Comments