Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի. Մովսես Հակոբյան

Մանրամասներ
Մովսես Հակոբյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հարցազրույցը լի էր բազմաթիվ վտանգավոր հայտարարություններով։ Թշնամի երկրի առաջնորդը, սպառնալիքի լեզուն բանեցնելով, կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով․ ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»։ Բացի այդ, Ալիևը խոսել է ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ուղիղ տեքստով Հայաստանը որակել «ֆաշիստական երկիր»:Ալիևի այս և մնացյալ հայտարարությունները, ըստ փորձագետների, հերթական պատերազմի նախերգանքն է։

Արդյո՞ք իբր խաղաղության մեջ գտնվող Հայաստանին նոր լայնամասշտաբ պատերազմ է սպասվում, MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։

Պարո՛ն Հակոբյան, Ալիևը երեկ հերթական սպառնալիքները հնչեցրեց, հերթական անգամ ակնարկեց, որ իր բոլոր պահանջներին հասնելու է՝ մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսքը։ Բացի այդ, Ալիևը պայման է դնում մեր առջև, որ վերադարձնենք այն զենք-զինամթերքը, որ ձեռք ենք բերել 44-օրյա պատերազմից հետո, քանի որ մեր երկրի զինվելը նա համարում է սպառնալիք իր երկրի համար։

Դրա պատասխանը ես տվել եմ։

Ե՞րբ։

Ես ամեն տարի էլ խոսում եմ սպառնալիքների մասին։

Իմ հարցը կոնկրետ երեկ հնչեցված հայտարարությունների մասին է։ Պատերազմի նախերգա՞նք էր հնչեցնում Ալիևը։

Գուշակությամբ չեմ զբաղվում։

Պարո՛ն Հակոբյան, Դուք հմուտ ռազմական գործիչ եք, և Ձեր դեպքում ոչ թե գուշակություն, այլ վերլուծություն ենք ակնկալում լսել։

Ես բազմիցս ասել եմ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե ուշադիր կարդաք, այդտեղ ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ, այնտեղ ամեն ինչ գրված է։

Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր կետերն արհամարհվել են Ադրբեջանի կողմից, այդ կետերին չեն հետևում։

Ո՞նց չեն հետևում։

Ութերորդ կետով գերիներին պիտի վերադարձներին, բայց հայ իրավապաշտպանները պնդում են, որ Բաքվի բանտերից ոչ բոլոր գերիներն են վերադարձել Հայաստան, և խոսքը 2020-ին գերեվարված անձանց մասին է, իններորդ կետով պետք է ճանապարհներն ապաշրջափակվեին։ Եվ այսպես շարունակ։

Դուք ուշադիր չեք կարդացել փաստաթուղթը։ Ո՞վ է ասում՝ գերիների վերադարձ չի եղել։ Մինչև նոյեմբերի 9-ը ինչքան գերի եղել է, Ադրբեջանը վերադարձրել է։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս փաստաթուղթը կարդալ իրավաբանի հետ, որ հասկանաք՝ գերիների վերադարձն ում է վերաբերում։ Իմ տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված բոլոր քաղաքացիները վերադարձվել են։

Բայց իրավապաշտպանները նշում են, որ իրենց հաշվարկներով՝ առնվազն 80 դեպք ուղղակի հաստատված չէ։ Եվ այս թիվն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապ չունի։

Ադրբեջանը հերքում է այդ լուրերը։

Այսինքն՝ Դուք Ադրբեջանի՞ն եք հավատում։

Ես հակված եմ փաստերին հավատալ, ոչ թե խոսքերին։

Լավ, եթե փաստերին եք հավատում, խնդրում եմ նշել՝ մենք հիմա փաստացի խաղաղության մե՞ջ ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում էր, որ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին։ Դրանից հետո առնվազն երեք կետով թշնամին առաջ է եկել՝ Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէր։

Բայց կողմերն այլևս չպետք է առաջ գային, իսկ Ադրբեջանի ամեն առաջ գալը մի պատերազմ էր։

Ադրբեջանն առաջ է եկել, քանի որ իր համար մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծել։

Հիմա «Արևմտյան Ադրբեջանի» ու «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում Ալիևը, մեր երկրի իշխանությունն էլ լուռ հետևում է այդ հայտարարություններին, այս ամենն է՞լ է նպաստավոր պայման, «Զանգեզուրի միջանցքին» հասնելո՞ւ է Ալիևը։

Նորից եմ ասում՝ իմ տեսակետը հստակ է, բայց ես այն չեմ կարող հնչեցնել։

Ինչո՞ւ։

Բազմաթիվ անգամներ հնչեցրել եմ, էլ չեմ ուզում։ Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան։

Դուք ի՞նչ եք կարծում, այս իշխանությունը սթավո՞ւմ է, եթե վերջին իրադարձությունները հաշվի առնենք։ Գեներալներ են կալանավորվում․․․։

Ես գնահատականներ բազմիցս տվել եմ, չեմ ուզում նորից կրկնել, որովհետև անիմաստ է։ Մեր հասարակությունը դրա կարիքը չունի։

Այսինքն՝ մեր կես բուռ մնացած հայրենիքն է՞լ կորցնենք, քանի որ ոչ ոք չի ուզում հստակ գնահատական տալ, վտանգներից խոսել։

Ես մի 40 անգամ գնահատական հնչեցրել եմ։

Հասարակությանն այս թմբիրից հանելու համար հնարավոր է անհրաժեշտ լինի ևս 40 անգամ խոսել։

Երբ դրա անհրաժեշտությունը լինի, կանեմ։

Հիմա չկա՞ այդ անհրաժեշտությունը։

Իհարկե՝ ոչ։

Ալիևի երեկվա հայտարարություններն ազդակ չե՞ն, որ կա այդ անհրաժեշտությունը։

Սթափ մարդու համար, այո՛, բայց հասարակության համար՝ ոչ։

Այսինքն՝ հասարակությանը սթափված տեսնելու հույս չունե՞ք։

Նորից եմ ասում՝ բազմիցս խոսել եմ և արդյունք չեմ տեսել։ Իմաստ չկա, որ նորից ասեմ։

Ամփոփելով զրույցը, պարոն Հակոբյան, առաջիկայում պատերազմի սպասե՞լ։

Աշխարհի բոլոր երկրները պատրաստվում ու սպասում են պատերազմի։ Հայաստանը դրանից հետ չպիտի մնա։