Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակն է:
Ցանկացած այլ, կայացած հանրապետությունում սա կլիներ եթե ոչ ազգային տոն, ապա մեծ իրադարձություն: Ի վերջո, անկախ բոլոր տեսակի քաղաքական նախասիրություններից, դա երկրի հիմնադիր նախագահն է:
Կայացած հանրապետությունում այսօր առաջին նախագահին կշնորհվեր մի շքանշան, կլիներ բարձր մակարդակի ընդունելություն, լավ երաժշտության համերգ և այլն: Հայաստանում այդ ամենը չկա:
Իհարկե իր մեղքի բաժինը ունի նաև առաջին նախագահը՝ կամա, թե ակամա: 90-ականների սարսափելի ճգնաժամը, որը միգուցե այդքան ծանր չլիներ, եթե երկրի կառավարման մեջ մնային խորհրդային տարիների տեխնոկրատները, այլ ոչ թե այն տրվեր տարբեր փռչոտների դիլետանտությանը և ագահության խրախճանքին:
96 թվականի նախագահական ընտրությունները և ի վերջո երկար նախապատրաստված, պատմության գրքերի համար նախագծված հրաժարականը: 2008 թվականի շարժումը, որն ի սկզբանե ոչ մի արդարացի, իրական նպատակ փաստորեն չէր հետապնդում:
Մյուս կողմից, իհարկե մեծագույն մտավորական, առաջին նախագահ, ում օրոք Հայաստանը հաղթանակ տարավ:
Այսօրվա շնորհավորանքների սակավությունը, իմ կարծիքով, վկայում են միայն մեկ բանի մասին՝ Հայաստանը չի կարող երբևէ լինել հանրապետություն: Պետական կառավարման այդ ձևը ոչ մի կերպ չի համընկնում Հայաստանի բնակչության մտածելակերպի և նույնիսկ կենցաղի հետ:
Հայաստանը հանրապետություն է իր կամքից անկախ, աշխարհաքաղաքական վերջին հարյուրամյակի մոդայի կամ ինչպես հիմա են ասում՝ տրենդի հետևանքով: Իրական հանրապետությունում կապիտուլյանտը ոչ միայն չէր կարող դառնալ երկրի կառավարիչ, այլ նրա նմաններին կառավարության շենքի անցաթուղթ, որպես այցելուի, տվող անգամ չէր լինի:
Այդուհանդերձ, զուտ որպես ակամայից Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շնորհավորում եմ պարոն Տեր-Պետրոսյանին հոբելյանի կապակցությամբ և որպես լավագույն մաղթանք ցանկանում եմ այս հանրապետության շուտափույթ տապալում և Հայոց թագավորության վերականգնում»։
0Comments