Նախկիների կողմից որոշ արգելքներ կային, հիմա պետություն չունենք, ժողովուրդը ազատ, համարձակ ապրում է. սիրիահայ գործարար

Մանրամասներ
Թունիս Սիրիա

Դամասկոսում երեկ առավոտյան ժամը 5-ից մինչեւ երեկոյան ժամը 17-ը, 12 ժամ կրակոցների մեջ էինք, բայց ոչ թե վնասակար, այլ ուրախության արտահայտում էև ժողովրդի կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց սիրիահայ գործարար Վահե Մահշիկյանը:

«Ընդհանուր առմամբ վնաս չեն հասցրել, թեեւ մի շարք պետական շենքեր են գրավել, օրինակ, մեր տան դիմացի ոստիկանական բաժանմունքը: Այրեցին, կարծես նաեւ կողոպեցին թալանեցին մեջի ապրանքները: Դատարաններին ձեռք չտվեցին:

Խանութների մեծ մասը փակ է, բայց ես իմ խանութը բացեցի: Ապահով է երկիրը, ժողովուրդը ազատ է, ազատությունը կապրի: Կարծես մղձավանջի մեջ էին, ազատվեցին: Նախկիների կողմից որոշ արգելքներ կային, հիմա պետություն չունենք, ժողովուրդը ազատ, համարձակ ապրում է»,-ասաց նա:

Հարցին՝ ժողովուրդը կարո՞ղ է ազատ փողոց դուրս գալ, գործարարը դրական պատասխան տվեց. «Այո, ես տնից դուրս եկա, գնացի դատարան, գնացի շուկա, հանգիստ է ամեն տեղ: Սիրայի ժողովուրդը համեստ ժողովուրդ է, չարություն չունի, չարությունը պետական մարմիններից էր գալիս: Ես ընդիմության զինյալներին հարցրեցի, ասացին՝ ով որ զենքը կհանձնի, իր հետ խնդիր չունենք մենք:

Բայց երեկ Իսրայելը հարվածեց Դամասկոսի մերձակա օդանավակայանին, որտեղ զինվորական պահեստներ կան, դրանք ռմբակոծեց, փչացրեց զենքը: Սիրիան զենքի մեծ պաշար ուներ, այդ թվում հրթիռները, դա կործանեցին:

Իսկ ժողովուրդը լավ է, հիմա պետք է տեսնենք, թե նոր համակարգը ինչպիսին է: Հեղափոխականները նախկին կառավարության լիազորեցին, որ շարունակեն գործերը, մինչև որ նոր կառավարություն կազմվի, նոր ընտրություններ լինեն, նոր Սահմանադրություն գրվի»:

Վահե Մահշիկյանի ներկայացմամբ, նոր եկող իշխանությունը նույն հինն է, պարզապես կառավարող անձն է փոխվելու. «Մեզ կառավարողը մի անձ էր, իր ընտանիքն էր, որ գնացին: Սիրիայի նախկին համակարգը անձի, ընտանիքի վրա էր հիմնված: Դրա համար էլ չհաջողեց: Հայրը իշխեց 54 տարի, որդին էլ 24 տարի, եւ կողոպտեցին երկիրը: Սիրիան շատ հարուստ երկիր էր»,- հայտարարեց նա:

Սիրիահայ գործարարը հայտարարեց, որ այս փոփոխությունից հետո բոլորը, որ լքել էին իրենց տունը, վերադառնում են. «Մի քանի բանկեր են տուժել, կենտրոնական բանկն են կողոպտել: Այս ընթացքում սիրիական դրամը 100 տոկոսով արժեզրկվեց այս երկու օրում: Երկու օր առաջ 15,000 էր մեկ դոլարը, այսօր 30,000 էր: Առաջ արգելված էր օտար արժույթով աշխատել, գործածել, 7 տարվա պատիժ կար, հիմա ազատ ենք: Այսօր նույնիսկ թուրքական դրամ կա շուկայում»,-ասաց նա: