Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ։ «Մանամայի երկխոսության» շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ։ Այդ որոշումը կայացվեց թե՜ պաղեստինցիների, թե՜ իսրայելցիների համար, քանի որ մենք տեսնում ենք, որ այս երկու ժողովուրդների համար խաղաղության և կայունության պայմաններում ապրելու հնարավոր ճանապարհը «երկու պետություն» սկզբունքով լուծումն է»,- ասել է Վահան Կոստանյանը։
2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը։
«Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է:
Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:
Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում:
Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ:
Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:
Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի Պետությունը»,- նշված էր հայտարարության մեջ:
0Comments