Հայկական կողմը համաձայն է եղել, որ Միրզոյան–Բայրամով հանդիպում լինի. ԱԳՆ

Մանրամասներ
ՀՀ ԱԳՆ

Հայկական կողմը համաձայնություն տվել է, որ Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացվի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ադրբեջանական ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ Բաքուն մերժել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումն անցկացնելու առաջարկը, որը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Ես մեր մասով կարող եմ հաստատել, որ հայկական կողմը համաձայնություն է տվել հանդիպմանը»,– ասաց Բադալյանը:

Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանը դեկտեմբերի 4-ից 5-ը աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Մալթա է մեկնել նաև Բայրամովը։ ԱԳՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մալթայում Միրզոյան–Բայրամով հանդիպում չի նախատեսվում։