«Ես չեմ հանդիսանում Վեդու համայնքապետարանում ձևավորված գնումների գնահատող հանձնաժողովի անդամ». Գարիկ Սարգսյան

Մանրամասներ
քպ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին շրջանում մամուլում, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների կողմից անդրադարձ է կատարվում իրենց պատկերացմամբ կոռուպցիոն դրսեւորումների, դրանց շարքում հիշատակելով Վեդու համայնքապետարանի կողմից կազմակերպված մրցույթները, որոնց, ի թիվս բազմաթիվ շինարարական կազմակերպությունների, մասնակցել է նաեւ իմ մորեղբորը պատկանող «Նոյավան» ՍՊԸ-ն։

Վերջին երեք տարիների ընթացքում (մինչեւ այս պահը) Վեդու համայնքապետարանը հրապարակել է շուրջ 22 սուբվենցիաների մրցույթ՝ ապահովելով թափանցիկություն, հաշվետվողականություն, ինչպես նաեւ հավասար մրցակցային պայմաններ։

«Նոյավան» ՍՊ ընկերությունը, հավասար մրցակցային պայմաններում, հաղթել է այդ 22 մրցույթներից միայն երկուսում, որի արդյունքում Վեդի համայնքը ունեցել է շուրջ 103 մլն. դրամի խնայողություն։

Ավելին, այս 22 մրցույթների պայմանագրային արժեքը միասին կազմում է շուրջ 5,5 մլրդ. ՀՀ դրամ, որից միայն 280+109 մլն. ՀՀ դրամի չափով պայմանագրերն են կնքվել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ, ինչը կազմում է Վեդու համայնքապետարանի եւ այլ շինարարական կազմակերպությունների հետ կնքված ամբողջ պայմանագրային արժեքի 7,1%-ը։

Եվ վերջում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ես չեմ հանդիսանում Վեդու համայնքապետարանում ձեւավորված գնումների գնահատող հանձնաժողովի անդամ, ինչը երաշխավորում է հավասար պայմաններ եւ զրո ռիսկ բոլոր մասնակիցների համար։

Հ.Գ. Համեմատության համար ներկայացնեմ 2023թ.-ին մեկ լոտով իրականացված մի մրցույթ, որտեղ հաղթող է ճանաչվել «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորի ընտանիքին պատկանող շինարարական ընկերությունը։ Վերջինիս հետ կնքված պայմանագրի արժեքը կազմում է շուրջ 874 մլն. ՀՀ դրամ, որն էլ իր հերթին կազմում է 2022-23-24թթ. Վեդու համայնքապետարանի եւ այլ շինարարական կազմակերպությունների հետ կնքված ամբողջ պայմանագրային արժեքի մոտ 16%-ը»»։