Ադրբեջանում Ֆրանսիայի և Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանները մեկ օրվա տարբերությամբ կանչվել են ԱԳ նախարարություններ։
Լեյլա Աբդուլաևային նախօրեին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ՝ Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին ադրբեջանական իշխանությունների կողմից COP29-ի շրջանակներում արված անընդունելի հայտարարությունների պատճառով: Օրերս Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Անյես Պանյե-Ռյունաշեն ստիպված էր չեղարկել իր մասնակցությունը ՄԱԿ-ի այս համաժողովին:
Անմիջապես ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը. նրան բողոք են հայտնել COP29-ում Ադրբեջանի նախագահության դեմ Փարիզի գործողությունների առիթով:
Բաքվում անընդունելի են համարել այդ միջոցառումը բոյկոտելու Փարիզի կոչերը, սակայն չեն սահմանափակվել COP29-ի թեմայով, այլ նաև անդրադարձել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը:
«Դեսպանին հայտնվել է, որ Հայաստանին զենքի լայնածավալ մատակարարումներ իրականացնող Ֆրանսիայի գործողությունները, որոնք խրախուսում են նրա ռազմատենչությունն ու ռևանշիզմը, խաթարում են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Բրյուսելում անցկացվող Ջրածնի եվրոպական շաբաթվա ընթացքում մի խումբ միջազգային ակտիվիստներ բողոքի ակցիա էին իրականացրել COP29-ի անցկացման դեմ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական տարածքների օկուպացման թեմային:
0Comments