Զանգեզուրի միջանցքի մասին երազանքները երբեք իրականություն չեն դառնա. Հայաստանում Իրանի դեսպան

Մանրամասներ
իրան

Զանգեզուրի միջանցքի մասին երազներն ու երազանքները երբեք իրականություն չի դառնա։ Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մեր դիրքորոշումն ապաշրջափակման (հաղորդակցությունների - խմբ.) վերաբերյալ շատ պարզ է և ակնհայտ։ Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, բայց վստահ եմ, որ ապաշրջափակման շրջանակներում բոլոր գործողությունները պետք է տեղի ունենան ազգային ու պետական ​​ինքնիշխանության շրջանակներում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է երրորդ երկրների կողմից Հայաստանի ճանապարհների նկատմամբ վերահսկողությանը,  վերաբերյալ դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցում։

«Ամբողջական վերահսկողությունը պետք է լինի Հայաստանի կառավարության ձեռքում և Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Սա 19-րդ դար չէ, մենք ապրում ենք 21-րդ դարում։ Երկրներն ունեն անկախություն և ինքնիշխանություն և օգտվում են այդ իրավունքից»,- հավելել է դիվանագետը: