Փեզեշքիանը կարմիր գծեր չի հատի․ Սյունիքով միջանցքը Իրանի համար մինչև վերջ կմնա՞ որպես կարմիր գիծ․ Ռոբերտ Բեգլարյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, ով 12 տարի աշխատել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, 168TV-ի եթերում անդրադարձել է հայ-իրանական հարաբերությունների շուրջ ստեղծված մտահոգություններին՝ ասելով, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինի․

«12 տարի աշխատել եմ Փեզեշքիանի հետ, ի տարբերություն այլ էթնիկ ծայրահեղական թյուրքախոս պատգամավորների, նրա մոտ չեմ նկատել ծայրահեղականություն։ Իրանի սահմանադրության համաձայն՝ զինված ուժերի, իրավապահ մարմինների, անվտանգության, արտաքին և ներքին գործերի նախարարությունների վերահսկողությունը վերապահված է երկրի առաջնորդին։ Երբ նոր նախագահ է ընտրվում, առաջնորդն իր ցանկությամբ լիազորությունները գրավոր փոխանցում է նախագահին։

Նրբություններ կան, որոնց պարագայում չի կարելի ասել, որ եթե Փեզեշքիանը ցանկանա, կարող է կարմիր գծեր հատել։ Իրան-Հայաստան հարաբերությունները երկրորդական պլան չեն մղվի»,- ասել է Բեգլարյանը։

Հայաստանն ի՞նչ պետք է անի, որպեսզի Սյունիքով միջանցքը Իրանի համար մինչև վերջ մնա որպես կարմիր գիծ, հարցին Բեգլարյանը պատասխանել է․

«Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում իսկապես Սյունիքը դարձել է ամենազգայուն կետը։ Փոփոխությունները սպասելի են կա՛մ դեպի ավելի դրական, կա՛մ՝ բացասական։

Իրանի դեսպանն օրեր առաջ ասաց, որ պատրաստ են ամեն տեսակի համագործակցության, բայց ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանությունների ցանկությունից։ Իրանի համար Սյունիքի առանցքային աշխարհաքաղաքական դերակատարությունը կպահպանվի»,- նշել է նա