«Կալանքի դատարանների» վերելքն ու անկումը․ 14 դատավորից միայն 6-ն է վերանշանակվել. factor.am

Մանրամասներ
դատավոր

factor.am-ը գրում է. Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով ռեզերվային կարգավիճակ ստացած 14 դատավորից վերջին մեկ տարվա ընթացքում միայն 6-ն է վերանշանակվել։ Մյուսները կա՛մ անորոշ ժամկետով գործուղվել և աշխատում են մյուս դատավորների համեմատ անհավասար պայմաններով, կա’մ շարունակում են սպասել դատական համակարգ վերադառնալու իրենց հերթին։

Խոսքը 2021-ին առանձին գործեր քննելու համար ընտրված դատավորների մասին է, որոնք հանրության շրջանում առավել հայտնի են որպես «կալանքի դատարանի դատավորներ»։

Այս դատավորները սկսել են պաշտոնավարել 2021-ի հոկտեմբերից, սակայն ընդամենը մեկ տարի անց պետությունը որոշել է վերացնել առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտը՝ այս գործերը քննող դատավորների ճակատագիրը դնելով անորոշության մեջ։

Կալանքի դատարանների ստեղծումը

2021-ին ուժի մեջ մտան «Դատական օրենսգրքում» փոփոխությունները, համաձայն որոնց՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերն ու օպերտիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները (անձանց կալանավորելու, նրանց հեռախոսային խոսակցությունները վերահսկելու, նրանց նկատմամբ արտաքին և ներքին դիտում իրականացնելու, խուզարկության թույլտվություններ ստանալու և այլ միջնորդությունները) քննելու էին առանձին, մասնագիտացված դատավորներ:

Մինչև այս փոփոխությունները քրեական մասնագիտացմամբ դատավորները քննում էին և՛ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված կամ, այլ կերպ ասած, բուն քրեական գործեր, և՛ մինչդատական վարույթի միջնորդություններ: Այս փոփոխություններով, փաստացի դատական համակարգում առաձնացվում էին բուն քրեական գործերի և մինչդատական վարույթի գործերի քննություն իրականացնող դատավորներ: Այսպիսով՝ Երևանի դատարանը համալրվեց առանձին գործեր քննող 8 նոր դատավորով:

Այսպիսի գործեր քննող մեկական դատավոր նշանակվեց նաև մարզերում և երեքը՝ Վերաքննիչ դատարանում:

Առանձին գործեր քննող դատավորներ ունենալու նպատակը

Այս փոփոխությունների հիմնավորումներում նշվում էր, որ ակնկալվում է ապահովել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության միջնորդությունների քննության, ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ու քրեական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածության թեթևացումը:

Իսկ ի՞նչ կոռուպցիոն ռիսկների մասին էր խոսքը։ Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը քրեական մասնագիտացմամբ դատավորները վերը նշված միջնորդությունները քննելու համար հերթապահություն էին իրականացնում: Յուրաքանչյուր շաբաթ Երևանի քրեական մասնագիտացմամբ դատարանի մի նստավայրի դատավորներն էին հերթապահը, և նստավայրի հերթապահության ժամանակացույցը հրապարակվում էր Դատական իշխանության պաշտոնական կայքում, այսինքն՝ ԲԴԽ կայքի միջոցով կարելի էր հասկանալ, թե տվյալ շաբաթ դատարանի որ նստավայրի դատավորներն են հերթապահ:

Ըստ օրենքի հիմնավորումների՝ դատավորների հերթապահության ժամանակացույցի հրապարակայնության դեպքում կանխատեսելի էր դառնում համապատասխան միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին խնդրահարույց էր կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման տեսանկյունից։

Նախագահը դիմեց Սահմանադրական դատարան

Երբ առաձին գործեր քննող դատավորներ ունենալու վերաբերյալ օրենքի փոփոխություններն ուղարկեցին այդ ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրմանը, նա չստորագրեց ու դիմեց Սահմանադրական դատարան։ Նախագահի համոզմամբ՝ այս դատարանը կարող էր ընկալվել որպես հատուկ կամ արտակարգ դատարան, Իսկ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կամ արտակարգ դատարանների ստեղծումն արգելված է։

Նախագահի դիրքորոշման համաձայն՝ այս փոփոխություններով ստեղծվում էր այնպիսի իրավիճակ, որ մինչդատական քրեական վարույթի վերաբերյալ գործերը մշտապես և անորոշ երկար ժամանակահատվածում քննելու էին սահմանափակ թվով դատավորներ: Բացի այդ, ըստ նախագահի դիրքորոշման, դատական համակարգը առանձին գործեր քննող դատավորներով համալրելու համար նախատեսվում էին արտոնյալ պայմաններ, քանի որ առանձին գործեր քննող դատավորները ընդամենը մեկ ամիս էին անցնելու վերապատրաստման դասընթաց։ Սա այն դեպքում, երբ մյուս դատավորները 7 անգամ ավելի երկար են վերապատրաստվում, և որևէ հիմնավորում չկա , թե ինչու է անհրաժեշտ նման հապճեպ կերպով անցնել առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտի ներդրմանը: Սահմանադրական դատարանը, սակայն, օրենքի սահմանադրականության խնդիր չտեսավ։

ՍԴ երկու դատավոր՝ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն, այնուամենայնիվ, համաձայն չեղան Սահմանադրական դատարանի մեծամասնության կարծիքի հետ և օրենքի փոփոխություններում սահմանադրականության խնդիր տեսան: Նրանք հատուկ կարծիք հայտնեցին՝ նշելով , որ օրենսդիրը ոչ լեգիտիմ նպատակ է հետապնդում այս փոփոխություններով: Նշենք՝ այս շրջանում փաստաբանները բարձրաձայնում էին, որ առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտը ներդրվում է՝ իշխանությունների կամքը կատարող դատավորներ ունենալու համար, հատկապես, որ այդ դատարաններում էին քննվելու մինչդատական վարույթի կամ այլ կերպ ասած՝ նախաքննության ընթացքում կալանքի բոլոր միջնորդությունները: Ինչևէ, օրենքն ընդունվեց, և Բարձրագույն դատական խորհուրդը որպես առանձին գործեր քննող դատավոր ընտրեց հետևյալ անձանց․

Այս անձինք սկսեցին աշխատել որպես առանձին գործեր քննող դատավորներ, իսկ դատարանը հանրության շրջանում ստացավ «կալանքի դատարան» անվանումը։ Առանձին գործեր քննող դատավորների գործունեության մեկնարկից մեկ տարի անց դատավորներից մեկին՝ Արուսյակ Ալեքսանյանին ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեղադրանք առաջադրվեց, ըստ գործի՝ Ալեքսանյանը քննել էր իր եղբոր ընկերոջ՝ «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբայր Գրիգորի Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունն ու նրան ազատել կալանքից։ Արուսյակ Ալեքսանյանի գործն առ այսօր քննվում է Հակակոռուցիոն դատարանում։

Արաքս Մամուլյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: