Դետեկտիվ ժանրի հետապնդում՝ Վանաձորում. փորձել են թալանել քաղաքում հայտնի սուպերմարկետը

Մանրամասներ
գող

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը անհայտ անձը ժամը 05:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցում գործող «Ֆուլ հաուս» սուպերմարկետը փորձել է թալանել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողության պահին խանութի սեփականատիրոջ բջջային հեռախոսին ձայնային ազդանշանի ահազանգ է ստացվել, ու խանութի տերը շտապ մեկնել է խանութ և այնտեղ նկատել գողություն կատարող քաղաքացուն, ով, տեսնելով նրան, դիմել է փախուստի։

Խանութի սեփականատեր, 40-ամյա Արտակ Բ.-ն, վտանգելով իր կյանքը, հետապնդել է տականքին ու բռնել, որի ժամանակ նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու ստահակը մի քանի հարվածներ է հասցրել Արտակ Բ.-ին, ապա դիմել փախուստի:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով երբ պարեկները մոտեցել են դեպքի վայր, վիրավոր վիճակում գտնվող Արտակ Բ.-ն պարեկներին ցույց է տվել փախնող հանցագործին՝ ասելով խ, որ նա խանութը փորձել է թալանել, սակայն պարեկներին նույնպես չի հաջողվել բռնել նրան։

 Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արտակ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Նա ստացել է «ոտնաթաթի մատի կոտրվածք, արմնկի հոդի կոտրվածք և դեմքի քերծվածքներ» վնասվածքները։

Ոստիկանությունն ունի նաև օպերատիվ տեղեկություններ, որ գողը միայնակ չի եղել, և նրանք եղել են դիմակավորված։

Այդ տեղեկատվությունները օպերատիվ ճանապարհներով պարզվում են։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ խանություն տեղադրված անվտանգության ձայնային ազդանշանը միացել է, տերը բահով եկել է խանութ և տեսել, որ ապակին կոտրած է. նա մտել է ներս, այդ ժամանակ հարձակվել են նրա վրա, բահը ձեռքից խլել, նրան գցել գետնին ու սկսել հարվածել, ապա դիմել են փախուստի: