Մոսկվայում կսկսեն փորձարկել առանց վարորդի տրամվայներ

Մանրամասներ
4

Մոսկվայի մի քանի երթուղիներում այս տարի պլանավորված է առանց վարորդի տրամվայների փորձարկում։ Իսկ մետրոյի գնացքներն առանց վարորդի գործարկելու համար կպահանջվի ավելի երկար ժամանակ։ Այս մասին հայտնել է տրանսպորտի հարցերով Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Մաքսիմ Լիկսուտովը։

«Մենք մշակում ենք գնացքների վարման մեր սեփական համակարգը, որն ամբողջությամբ կառուցված կլինի ռուսական բաղադրիչների և ալգորիթմների վրա: Իսկ աշխատանքը սկսում ենք առանց վարորդի տրամվայով․ այս տարի մենք պլանավորում ենք արդեն թեստային ռեժիմով, սակայն վարորդով, մի շարք երթուղիներով գործարկել տրամվայի երթևեկությունը», - Լիկսուտովի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս»-ը։

Խոսելով մետրոյի մասին՝ նա պարզաբանել է, որ առանց մեքենավարի գնացքների վարման անցնելու համար կպահանջվի 5-10 տարվա աշխատանք։

Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ ավելի վաղ ՌԴ կառավարությունը Մոսկվայի մետրոյին հատկացրել է հաճախականության հատուկ ընդգրկույթ` շարժական կապի ռեժիմով, այդ թվում՝ այն բանի համար, որպեսզի ապագայում ապահովվի գնացքների վարումն առանց մեքենավարի։