«Հըզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի բազային հարված հասցնելու մասին

Մանրամասներ
հզբոլլահ

Լիբանանի «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի օգնությամբ հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող բազայի ուղղությամբ՝ ի պատասխան շարժման հրամանատարներից մեկի՝ Վիսամ աթ Թավիլի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ Արուրիի զոհվելու: Այդ մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից:

«Որպես պատասխան Բեյրութի հարավային արվարձանում հրամանատար Սալեհ ալ Արուրիի ու նրա եղբայրների սպանությանը և Վիսամ ալ-Թավիլի սպանությանը՝ «Հըզբոլլահ»-ի մարտիկները մի քանի գրոհային անօդաչուների օգնությամբ հարված են հասցրել հակառակորդի (Իսրայելի) բանակի հրամանատարության շտաբին հյուսիսում»,- ասվում է «Հըզբոլլահ»-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հունվարի 8-ին ԶԼՄ-ները հաղորդել էին «Հըզբոլլահ»-ի ուժերի կազմում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Լիբանանի հարավում «Ար Ռիդվան» էլիտար ջոկատի հրամանատարներից մեկի զոհվելու մասին: Հաղորդվել է, որ գրոհի ժամանակ տղամարդը գտնվել է ավտոմեքենայում։ «Հըզբոլլահ»-ը հաստատել է իր զինվորական հրամանատարներից մեկի՝ Վիսամ աթ-Թավիլի զոհվելը իսրայելական ավիահարձակման ժամանակ։

Իրավիճակը հարավային Լիբանանում սրվել է Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակը և «Հըզբոլլահ»-ի մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով ընկած շրջաններում։