«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Շահրամանյանը երեկոյան ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են Արցախի կառավարության եւ օրենսդիր մարմնի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Խորհրդակցության օրակարգում ԱՀ նախագահի կողմից մի քանի կարեւոր թեմաներ են արծարծվել։
Սամվել Շահրամանյանը ներկայացրել է առաջնահերթ խնդիրները, որոնք ծառացած են ԱՀ կառավարության եւ, առհասարակ, քաղաքական վերնախավի առաջ։
Դրանք առաջին հերթին Բաքվում գտնվող հայ գերիների, այդ թվում՝ ԱՀ բարձրաստիճան ղեկավարության վերադարձի ուղղությամբ իրականացվելիք քայլերն են։
Հանձնարարել է ցանկացած հարթակ, միջոց օգտագործել՝ ի նպաստ այդ գործին:
Երկրորդն Արցախից Հայաստան բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներին լուծում տալու եւ նրանց աշխատանքով ապահովելու հարցերն են։
Մեզ պատմեցին, որ ԱՀ նախագահը նաեւ քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ասելով, թե ոչ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի այն, թե ում եւ ինչ քայլերի հետեւանքով Արցախն ընկավ:
Եվ ներկաներին հորդորել է՝ ոչնչով չխոչընդոտել արցախցիների պայքարի իրավունքն իրացնելուն, հակառակը` այդ ուղղությամբ աշխատանքներ տանել»:
0Comments