Վանաձորում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Մանրամասներ

Երեկ՝ հունիսի 10-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում Mercedes  և Mazda մակնիշի ավտոմեքենաների ուղևորների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մեկին դանակահարել են։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Կարճ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Լոռու մարզի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Արկադի Մարուքյանն է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայի 61/1 հասցեում գործող «Գանձակ» սուպերմարկետի մոտ։ Ոստիկաններն արդեն ճշտել են դեպքի հանգամանքներն ու ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են նշված ավտոմեքենաները, որոնցից մեկի մեջ եղել են արնանման հետքեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։