Արցախի նորաթուխ պետնախարարին հորդորում եմ՝ ՀՀ-ում ցույցերի սակավությունից բողոքելուց առաջ ՌԴ-ում բնակվող իր հարազատներին կոչ անի. слабо?

Մանրամասներ
ա

Էլեն Հոխիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վերջին մի քանի օրվա ընթացքում ով չալարեց՝ հայաստանաբնակ քաղաքացիների վրա մատ թափ տվեց ու բարոյախրատական քարոզ կարդաց առ այն, թե «անտարբեր» են Արցախի ու արցախցիների ճակատագրերի հանդեպ: 

Մինչ շարունակելը արձանագրեմ, որ «մտահոգ բարոյախոսների» ճնշող մեծամասնությունը ՀՀ-ում չի բնակվում, իրենց և իրենց երեխաների ապագան ու ճակատագրերը Հայաստանի հետ չի կապում, ՀՀ-ին զինվոր չի տվել ու չի տալու, բայց նախանձելի հաճախականությամբ պատմական Հայաստանը գրավելու մասին գրառումներ է անում. թե ում երեխեքի կյանքերի հաշվին, դա չեն մանրամասնում:

Բոլոր այդ բարոյախոսներին և մատ թափ տվողներին՝ ի գիտություն.

ՀՀ քաղաքացին, 3 տասնամյակ շարունակ ՀՀ-ում բավականին ծանր պայմաններում ապրելով, Արցախի ու արցախցիների անվտանգության ու մնացյալ բոլոր կարիքների համար զոհաբերել է ԱՄԵՆ ինչ՝ իր և իր երեխաների կյանքերից ու բարեկեցությունից սկսած, հանրապետության մնացյալ բոլոր ռեգիոնների բարեկեցությամբ վերջացրած: 

Անգամ երկրաշարժից ավերված աղետի գոտին ու նրա բնակիչները այնքան ուշադրության չեն արժանացել Հայաստանի գոյության ողջ ընթացքում, որքան Արցախն ու արցախցիները, ու սա արվել է ԱՆՏՐՏՈւՆՋ և ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ՝ ի տարբերություն ժամանակ առ ժամանակ արտասահմանյան երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից ուղարկվող «օգնությունների», որոնք հետո նախանձելի հաճախականությամբ շահարկվել են ու երեսով տրվել ուղարկողների կողմից:

Հարգելի բարոյախոսներ.
Ձեր պաթոսախեղդ կոչերը ձեր ապահով անկյուններից անելու իրավունքը վաստակելու համար նախ տեղափոխվեք ՀՀ՝ մշտական բնակության, և ձեր ու ձեր ԵՐԵԽԱՆԵՐԻ ապագան կապեք միայն ու միայն Հայաստանի հետ, կանոնավոր կերպով հարկ վճարեք, որից այսօր և վերջին տասնամյակների ընթացքում սնվել է Ղարաբաղը, հետո պատերազմի առկախված վտանգի տակ ապրող ՀՀ բնակիչների վրա մատ թափ տվեք: 

Հ.Գ. Արցախի նորաթուխ պետնախարարին էլ հորդորում եմ՝ Արցախի կենսունակությունն ապահովող ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների վրա մատ թափ տալուց և ՀՀ-ում բողոքի ցույցերի սակավությունից ու «անտարբերությունից» բողոքելուց առաջ ՌԴ-ում բնակվող իր հարազատներին, ընկերներին կոչ անի բողոքի ցույցեր անել իրենց պարտականությունները չկատարող ՌԴ համապատասխան կառույցների առջև, որոնք հանձն են առել Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունն ու Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգությունն ապահովելը:

Եթե այդքան համարձակություն չունեն, գոնե ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև մի բողոքի ակցիա կազմակերպեն՝ ՀՀ բնակիչներին բողոքի ցույցերի դրդելու փոխարեն, слабо?»։