Վենեսուելայում արդեն մոտ 800 ձերբակալված կա

Բողոքի ակցիաները, սակայն, չեն դադարում

Վենեսուելայում հունվարի 21-ից սկսված բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 791-ի: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի «Քրեական ֆորում» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն:  

«Հունվարի 27-ի դրությամբ մենք արձանագրել ենք, բողոքի ակցիաների 791 մասնակցի ձերբակալություն: Միայն հունվարի 23-ին ձերբակալվել է 632 ցուցարար, ինչը մեկ օրում ձերբակալվածների ամենաբարձր ցուցանիշն է 1999 թվականից ի վեր»,- թվիթերյան էջում գրել է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ակցիաները Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում սկսվել են այն բանից հետո, երբ Նիկոլաս Մադուրոն երկրորդ անգամ ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Հունվարի 23-ին երկրի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոն էլ իրեն հռչակեց Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, որն էլ ավելի բորբոքեց ստեղծված իրավիճակը: