Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկ են հայտնել

Այս պահին նիստն ընդմիջվել է

Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել: Այս մասին հայտնեց մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը: Մանվել Գրիգորյանի պաշտպանները չհայտնեցին, թե որ կողմն է ներկայացրել ինքնաբացարկի միջնորդությունը:

Այս պահին նիստն ընդմիջվել է, քանի որ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Նշենք, որ Վերաքննիչ  դատարանի մոտ  հավաքվել են ցուցարարներ ու մի խումբ փաստաբաններ, Փաստաբանների պալատի նախագահի գլխավորությամբ:

Արա Զոհրաբյանն ասաց, որ այնտեղ իրենք բողոքի ակցիա չեն իրականացնում ի պաշտպանություն փաստաբանի, փաստաբանը պաշտպանված է օրենքով, ցանկանում են աջակցել իրենց գործընկերոջը, և եթե կլինեն ցուցարարներ, խնդիրը կլուծեն բանակցելու միջոցով:

Իսկ ցույցի մասնակիցները զուգարանի թուղթ և տուշոնկա էին դրել դատարանի դիմաց: Ցուցարարների խոսքով՝ դա խորհրդանշում է Մանվել Գրգորյանի յուրացրած տուշոնկաները։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: