Հայաստանում գազի սակագնի բարձրացումն անկասկած կխփի քաղաքացիների գրպանին: Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը: Նրա կարծիքով, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի քաղաքացիները չեն զգա գազի սակագների բարձրացումը, չի համապատասխանում իրականությանը, քանի որ նույնիսկ եթե կառավարությունը որոշի սուբսիդավորել քաղաքացիների լրացուցիչ ծախսերը, դա պետք է արվի պետական բյուջեի հաշվին: «Պետությունն այլ միջոցներ չունի, բացի քաղաքացիներից բյուջե վճարած հարկերի տեսքով:
Այսինքն, քաղաքացիները զգում են իրենց վրա սակագների բարձրացումը, քանի որ պետական գանձարանին վճարված գումարները հարկերի տեսքով, որոնք պետք է ծառայեին կոնկրետ նպատակների իրագործմանը, փաստորեն, այդպես էլ չեն հատկացվի այդ նպատակներին, այլ կուղղվեն գազի ծախսերի սուբսիդավորմանը»,- պարզաբանել է Գորգիսյանը: Դրա հետ մեկտեղ, նա կարծում է, որ այստեղ կա եւս մեկ խնդիր:
Նրա կարծիքով, Կառավարությունը պետք է հետաքննություն անցկացնի եւ պարզի, թե որքանով են արդարացված գազի գործող սակագները եւ որքանով դրանք կարող են կրճատվել: «Ես համոզված եմ, որ Հայաստանում գազի գները նույնիսկ կարող են կրճատվել, եւ ժամանակին մենք խորհրդարանում քննարկումներ ենք անցկացրել այս թեմայով, ինչի արդյունքում ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը քննարկում էր այդ հարցը», – նշել է նա` ավելացնելով, որ ցանկացած դեպքում դեմ է նման սուբսիդավորմանը, քանի որ դա պարզապես «պոպուլիզմի միջոց է» քաղաքացիների կարծիքի վրա ազդելու նպատակով:
Գորգիսյանը նաեւ գազի ներկա սակագներն անհեթեթ որակեց՝ ընդգծելով, որ սակագների բարձրացումը բացասաբար կանդրադառնա երկրում ստեղծված առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Դա կազդի գնագոյացման վրա եւ կհարվածի տնտեսությանը: Բացի դրանից, նա համոզված է, որ Կառավարությունը պարտավոր է վերահսկել իրավիճակը եւ այս կամ այն ապրանքի գների հետ կապված որեւէ շահարկում թույլ չտա, ինչպես դա եղել է նախկինում:
Գորգիսյանը չբացառեց նաեւ բնակչության շրջանում բողոքի տրամադրությունների բարձրացման հնարավորությունը, ինչը կարող է դրսեւորվել բողոքի գործողությունների անցկացման ձեւով, ինչպես արդեն եղել է նախկինում: «Ճիշտ է, ես չեմ սպասում լուրջ ներքաղաքական ճգնաժամի»,- եզրափակել է պատգամավորը:
0Comments