Եթե լիներ մի այնպիսի սարք, որը հաշվեր, թե նախորդ տարի մեր հասարակական-քաղաքական կյանքում ամենաշատը ո՞ր բառն է օգտագործվել, ապա, ամենայն հավանականությամբ, այդ բառը կլիներ «ժողովուրդը»:
Ժողովրդի անունից հանդես են գալիս, նրան դիմում են, սեփական որոշումները ներկայացնում են որպես ժողովրդի որոշումներ:
Որքան ցածր է ժողովրդի քաղաքական ու քաղաքացիական գիտակցությունը, այնքան շատ են նրա անունից հանդես գալիս:
Այս տարի ևս մեզ մոտ ժողովրդի անունից հանդես եկողների ու ժողովրդի անունից սեփական ցնդաբանությունները հրամցնողների պակաս չի լինի: Տեղին է, ուրեմն, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի անմահ ու միշտ արդիական՝ «Անկեղծ չենք» հոդվածի հիշեցումը:
. . .
Անկեղծ չենք
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա՝ ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:
Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ-որ ինքն է մտածում:
Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:
Եվ հանկարծ... դուք տեսնում եք... Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք՝ ո՜րքան դերասաններ ունի...
Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:
Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր՝ ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու...
Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:
Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:
Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:
Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի:
Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:
Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:
Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողվուրդն այդպես է կամենում...
«Ժողովուրդը մեզ հետ է... Ժողովուրդը ձեզ կդատի... Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ...»
Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում...
Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին՝ իրենց շինած հոդվածներով, ու ներկայացնում որպես ժողովուրդ:
― Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։
Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։
7or.am
0Comments