«Նոր Թումանյանի բացահայտման փուլ պետք է սկսվի»

«Ինտերակտիվ բնույթ կրող միջոցառումների շարք է լինելու, յուրաքանչյուր 40 րոպեն կրկնվելու են

Հովհաննես Թումանյանի  ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվելու են հենց մեծանուն գրողի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին միաժամանակ երեք վայրում՝ Երևան, Դսեղ և Թբիլիսի, որոնք ուղղակիորեն կապվում են նրա հետ։

Panorama.am-ը Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանից տեղեկացավ, որ իրենց մոտ ժամը 11։00-ից մեկնարկու են միջոցառումներ, երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը մշակել է հատուկ ծրագիր. թանգարանի ներսում երկու հարկում  միջոցառումների հատուկ շղթա է լինելու՝ տրամաբանական ընթացքով, հեքիաթների և «Անուշի» հերոսներով։

«Ինտերակտիվ բնույթ կրող միջոցառումների շարք է լինելու, յուրաքանչյուր 40 րոպեն կրկնվելու են։ Շղթան շարունակվելու է երկրորդ հարկում՝ թանգարանի հուշային հատվածում, որտեղ էլ այցելուները կհանդիպեն համաշխարհային մեծ մանկագիրներին, հեքիաթագիրներին՝ Պուշկին, Անդերսոն, Գրիմ եղբայրներ, իհարկե, նաև Թումանյան։ Նրանք եկել են շնորհավորելու Թումանյանին։ Մեր այցելուներն էլ կդառնան այդ մեծ հանդիպման ականատեսները։ Երեկոյան  ցուցադրվելու է «Անուշ» մոնոօպերան, մուտքը հրավիրատոմսերով է»,- հայտնեց Ա. Եղիազարյանը։

Միջոցառումներ են լինելու թանգարանից դուրս՝ ելույթ են ունենալու տարբեր երաժշտական խմբեր, փողահարներ։ Ա. Եղիազարյանն ասաց, որ  տարվա ընթացքում նախատեսված են միջոցառումներ, որոնք դեռ քննարկումների, մշակումների փուլում են։

Փետրվարի 19-ին Դսեղում գտնվող գրողի տուն-թանգարանում կլինի համերգային ծրագիր։ Թբիլիսում՝ Խոջիվանքի գերեզմանատանը, Թումանյանի հիշատակին լինելու է հոգեհանգստի արարողություն, Թբիլիսիի քաղաքային գրադարանում անցկացվելու է հուշ-երեկո։

Նշենք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում: Ա. Եղիազարյանն ասաց, որ իրենք պարբերաբար պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնեն միջոցառումների ծրագիրը, թե երբ, ինչ է նախատեսված, որն էլ տեղադրվելու է կազմակերպության կայքում։

Հարցին՝ ողջ տարվա ընթացքում զգացվելո՞ւ է թումանյանական շունչ, նա ասաց, որ Թումանյանի թանգարանն ամեն բան անելու է իր իրավունքի և հնարավորությունների սահմաններում, որպեսզի ապահովի։

«Կարծում եմ՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովը նույնպես հիմնավորված կլծվի  աշխատանքին, և Թումանյանի շունչը վստահաբար ողջ տարվա ընթացքում կունենանք»,- ասաց Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք շարունակվում են Թումանյանի թողած  ժառանգության գիտահետազոտական աշխատանքները, թե ամեն ինչ պարզ է, բացահայտված ու ներկայացված, Ա. Եղիազարյանն ասաց. «Ամեն բան պարզ չէ։ Աշխատանքները շարունակվոմ են։ Թանգարանը ԳԱԱ Գրականության ինստիտուտի հետ համատեղ ստանձնել է մեծ պատասխանատվություն՝ վերախմբագրված վերահրատարակելու Թումանյանի երկերի լիակատար ժողովածուն։ Այս տարիների ընթացքում ուսումնասիրությունները, արխիվների հետ աշխատանքները բացահայտել են նոր նյութեր, որոնք նախորդ հրատարակության մեջ զետեղված չեն եղել, որովհետև նախորդ խմբագրակազմի ձեռքում չեն եղել։ Զգալի նյութեր են դրանք, արդեն աշխատանքն ընթացքի մեջ է։ Առաջին հատորը նախորդ տարվա վերջին հրատարակվել է, երկրորդը մինչև ծննդյան օրը կլինի, այժմ տպարանում է։ Տարվա ընթացքում կլինի երրորդ հատորը։ Աշխատանքները շարունակելու ենք առաջիկա երկու տարիների ընթացքում, քանի որ բավականին հիմնավոր ուսումնասիրություններ են կատարվում, և 10 հատորով երկերի լիակատար ծողովածուն վերալրացված, վերախմբագված տարբերակով կունենանք»։

«Բնականաբար, նոր Թումանյանի բացահայտման փուլ պետք է սկսվի, կլինի, դրան կօգնի Թումանյանի ընտանիքի արխիվի ուսումնասիրությունները, որոնք ուղղակիոեն կապված  են գրողի հետ»,- ասաց Ա. Եղիազարյանը։

Թանգարանը հրատարակել է գրողի զավակներից Աշխեն Թումանյանի, Մուշեղ Թումանյանի արխիվներն ամբողջությամբ, տպագրվել է Արտավազդ Թումանյանի երկհատորյակը, որն ունենալու է շարունակություն։