Կառավարության նիստերի դահլիճում անցկացվող «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովի ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանին թույլ չտվեց մոտենալ ամբիոնին և խոսել գյուղում առկա խնդիրների մասին:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ մարզպետն ինչ խնդիր ունի գյուղապետի հետ, Գարիկ Սարգսյանն ասաց, որ ինքը լավ է ճանաչում գյուղապետին, իսկ խնդիր ունեն նրա համագյուղացիները. «Գյուղապետին համագյուղացիները ցանկանում են փոխել՝ իր կատարած արարքների համար: Սոկրատ Հովսեփյանի դեմ բողոք են ներկայացրել, գործ է հարուցվել, որն էլ կարծես թե, կարճվել է»:
Լրագրողի դիտարկմանը՝ Արարատում շատ դժգոհություններ են լսում մարզպետի գործունեությունից, ո՞րն է պատճառը, Գարիկ Սարգսյանը նշեց, թե տեղյակ չէ ինչ դժգոհությունների մասին է խոսքը:
«Շատ մարդու պոչ կարող ա տրորենք, եթե մենք օրենքով ենք աշխատում: Իսկ եթե մարդիկ կան, որոնք իրենց օրենքից դուրս են դնում, փորձում են նախկին գործելաոճով աշխատել, իրենց էլ կանդրադառնանք: Այդ դժգոհողները կարող են այդ մարդիկ լինել»,- ասաց մարզպետը:
Նշենք՝ համաժողովի ժամանակ, երբ գյուղապետը ցանկանում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարցեր ուղղել, մարզպետը գյուղապետին հորդորեց «կարճ կապել»:
«Իր բնավորությունն իմանալով՝ ինքը միշտ հարցեր է բարձրացնում, երկարացնում է, այստեղ հարցուպատասխան չէր կարող լինել հայմանքի ղեկավարների ու նախարարի միջև, քանի որ նախատեսված չէր։ Ոչ ոք նրան թույլ չէր տվել ելույթ ունենալ, ես էլ՝ որպես մարզպետ, իմ համայնքի ղեկավարին հորդորեցի ելույթ չունենա, եթե ունենալու է, գոնե՝ կարճ», - «բացատրեց» Գարիկ Սարգսյանը։
Դիտարկմանը, թե խոսքի ազատություն է, նա կարող էր իր հարցերն ուղղել նախարարին, մարզպետը նշեց, թե լավ գիտի Այգեստանի համայնքապետին և խոսքի ազատության մասին պետք չէ խոսել. «Ինքը միշտ մարզխորհրդի նիստերին էլ կամ քնած է, կամ... չգիտեմ»:
0Comments