«6 լուր». համառոտ՝ կարևորի մասին 09.02.2019

Armeniadaily.am-ը ներկայացնում է


«Մյունխենում փետրվարի 16-18-ը կանցկացվի անվտանգության հարցերով համաժողով, որի շրջանակում կարող են հանդիպել նաև Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը»,-գրել է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Հայաստանի արտգործնախարարը չի բացառել Մյունխենում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման հնարավորությունը: Նա նաև ասել է, որ հայտնի չէ՝ համաժողովի շրջանակում կկայանա՞ արդյոք Փաշինյան-Ալիև հերթական՝ ոչ պաշտոնական հանդիպումը, քանի որ «հստակ չէ՝ վարչապետը կմեկնի՞ Մյունխեն, թե ոչ»: «Բաքվից սկսել են «առաջիկա հաղթանակի» մասին լավատեսական ֆլյուիդներ ստացվել՝ պատրանք ստեղծելով, թե Երևանը շատ շուտով կստորագրի Ադրբեջանի համար ձեռնտու պայմաններով համաձայնագիր»,- գրել է Տարասովը՝ հավելելով.  «Չնայած հստակ է, որ կողմերնՙ իրապեսՙ գտել են որոշ փոխզիջումային լուծումներ, ինչի մասին Քյոլնում հայկական համայնքի հետ հանդիպմանն ասել էր Փաշինյանը՝ հայտարարելով, որ «հայկական կողմը չի պատասխանի Ղարաբաղի հարցով փոխզիջումների պատրաստակամության մասին հարցին, քանի դեռ այդ հարցին չի պատասխանել Ադրբեջանը»: Ստացվում է, որ Հայաստանի վարչապետն առաջարկել է Ադրբեջանին՝ առաջինը բացահայտել խաղաքարտերը: Սակայն երբ Փաշինյանը պարզաբանեց, որ նույնիսկ չի քննարկվում «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, Բաքուն մեղադրեց նրան «բանակցային գործընթացի տապալման» համար: Այժմ Հայաստանի վարչապետը հակահարձակման է անցել՝ հայտարարելով, որ «Առաջնահերթությունը Ղարաբաղի անվտանգության ապահովումն է ու նրան բանակցային գործընթացում ներգրավելը»: «Սա Ալիևին առաջարկվող նոր բանակցային օրակարգ է և քանի դեռ գերիշխում է «ով ում կխորամանկի» կանոնը, ոչինչ չի ստացվի, որովհետև սա վաղուց հակամարտություն չէ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ՝ աշխարհաքաղաքականություն է: Նման բազային բաներ չգիտակցելը տարել և տանում է դիվանագիտական փակուղի»,- գրել է քաղաքագետը:

 

 

Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է։ Գրառման մեջ ասվում է. «Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով եւ հայտնվել 19-րդ հորիզոնականում: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում»:

 

 

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը «Թվիթեր»-ի միկրոբլոգում պատասխանել է ցեղասպանության մասին Մակրոնի հայտարարությունը քննադատած՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին, ով նշել էր, որ այդ պնդումները քաղաքական սուտ են: «Եթե դա քաղաքական սուտ է, ապա ինչո՞ւ է Թուրքիայի նախագահը 5 տարի շարունակ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցավակցական ուղերձ հղում: Սա նախ և առաջ Թուրքիայի մեջլիսի ու նախագահի խնդիրը պետք է լինի, պետք է առերեսվել և անուն տալ տեղի ունեցածին... 104 տարի է՝ սպասում ենք արդարության»,-գրել է Փայլանը:

 

 

Կառավարությունը հրապարակել է 2019 պետբյուջեով պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծը, որով սահմանվել են հստակ ցուցիչներ պետական աշխատողների համար: «Պարգևատրման առավելագույն չափը հաստատում է ղեկավարը, որը չի կարող գերազանցել դրույքաչափի 200 տոկոսը»,- նշված է նախագծում:

 

 

«Եթե մեր ձայնը լսելի չլինի՝ որոշել ենք բողոքի ակցիա իրականացնել». Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վճռական են տրամադրված, նրանք փետրվարի 8-ին նամակ են գրել վարչապետին, զուգահեռ կազմակերպել են ստորագրահավաք, որին միացել է մոտ 6000 մարդ՝ աշխատակիցներ և հարակից համայնքների բնակիչներ: Գործարանի աշխատանքի ընդհատումը բոլորին ծանր հարված է հասցրել, մեծ մասն ունեն վարկեր ու չեն կարողանում մարել դրանք: «Ալավերդիում չկա այլընտրանք, ստեղծվել է մի աղետալի վիճակ, երբ աշխատանքին ընդունակ մարդն ի վիճակի չէ ապահովել իր ընտանիքի նվազագույն կարիքները: Հեռանում են բարձրակարգ մասնագետներ, որոնց պակասը մոտ ապագայում չի կարող լրացվել»,- գրված է վարչապետին ուղղված նամակում:

 

 

 

«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին, բաժնետերերի կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, ATV-ի բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր է դարձել գործարար, հեռուստատեսային մենեջեր, ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան TV» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը, իսկ 49 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվել է ամերիկյան «Panarm Inc.» ընկերությանը: Փոփոխություններ են տեղի ունեցել «Արմնյուզ» հեռուստաընկերության, «Լավ» ռադիո»-ի և «Թերթ.am» լրատվական կայքի բաժնետերերի կազմում. դրանք անցել են «Քառյակ Մեդիային»: Իսկ «Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո Ջանի» բաժնետոմսերի 100 տոկոսն արդեն հանդիսանում է հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։