Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ ԵՏՄ-ում եղած բոլոր խնդիրները լուծի: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երբ ԵՏՄ ինտեգրման հանձնաժողովի նախագահ էին ընտրում, ես ասացի, որ օրինակ Մոսկվայում վարորդական իրավունքի հարցը քննարկենք ու կարգավորենք: Այդ հարցը քննարկվել է, բայց դեռ խնդիրը լուծված չէ: Մենք ԵՏՄ շրջանակներում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք: Եթե այդ խնդիրները ինչ-որ ժամանակահատվածում չլուծվեն, կնշանակի՝ մեր ներկայացուցիչները չեն կարողանում այդ խնդիրը լուծել: Ու այդ ժամանակ նաեւ կարձանագրենք, որ չեք կարողանում եւ նաեւ դժգոհ ենք եւ համաձայն չենք վարվող քաղաքականության հետ»,-հայտարարեց Մարուքյանը:
Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի չի կարող բանակցել Արցախի անունից, սակայն դրանից հետո երկու երկրների, նաեւ ԱԳ նախարարների հանդիպումներ են տեղի ունեցել, որոնց չի մասնակցել Արցախը, Մարուքյանն ասաց, որ Մնացականյանն իրենց հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է. «Ես կասեի, որ այդ հայտարարությունը պետք է ընկալել այդ համատեքստում: Դա պետք է ընկալել, որ Հայաստանն ունի իր մասը հակամարտության մեջ եւ ադյ մասը անվտանգության երաշխավորը լինելն է»,-ասաց նա:
0Comments