Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով` անդրադառնալով ստեղծված իրավիճակին:
Նա մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, հայ ժողովուրդը ճակատագրական ժամանակներ է ապրում, որը պայմանավորված է աշխարհակարգի լրջագույնս ճգնաժամով, տարածաշրջանի ապակայունացմամբ, թուրք-ադրբեջանական ագրեսիայով եւ նորանոր սպառնալիքներով, 44-օրյա պատերազմի անվտանգային, հումանիտար, սոցիալ-տնտեսական եւ հոգեբանական ծանր հետեւանքներով, ներքաղաքական ու ներազգային պառակտման աճող տեմպով ու բազմաթիվ այլ մարտահրավերներով:
Այս պայմաններում որոշել եմ ժողովրդին ուղղված ուղերձով հանդես գալ, հնարավորինս բաց կերպով ներկայացնելով առկա մարտահրավերներն ու նրանց հաղթահարման իմ պատկերացումները: խոսքս կփորձեմ կառուցել այնպես, որ առավելագույնս պատասխանեմ քաղաքացիներից նախապես հավաքագրված հարցերի գերակշիռ մասին, որոնք վերաբերում են առավելապես անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը: Իսկ մնացած հարցերին Նախագահի աշխատակազմի կողմից կտրվեն հասցեական պատասխաններ: Ի դեպ, մոտ 150 հարց:
Անվտանգություն
Ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունը ունի եւ կարճաժամկետ, եւ երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր, որը մերօրյա գլխավոր մարտահրավերն է: Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետեւանքների հանգեցնել, քան 44-օրյա պատերազմը: Այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա եւ անվտանգային, եւ քաղաքական գործիքակազմերով:
Խորին վշտակցությունս եմ հայտնում սեպտեմբերի 13-14-ին ՀՀ հանդեպ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված բոլոր հայորդիների ընտանիքներին, թող այլեւս նոր զոհողությունների կարիքը չլինի:
Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը, համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է, միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա: Անկախ այն բանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միեւնույն է, նշածս համախմբումը պետք է տեղի ունենա որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը: Իշխանություններն, այո, միշտ էլ առաջնահերթ պատասխանատուն են իրավիճակի համար, սակայն այսօր բոլորիս վրա ծանր պատասխանատվություն կա ընկած, քանի որ կանգնած ենէ պետականությանը սպառնացող վտանգների առջեւ, որի պատճառներից է նաեւ ներքին անհամերաշխությունը: Մեր միջազգային գործընկերներն ու ընդհանրապես միջազգային հանրությունը կարող են միայն լրացուցիչ գործիքակազմեր ապահովել, իրենց սեփական շահերին համապատասխան, սակայն մեր սեփական խնդիրների լուծումը մեծապես հենց մեզնից է կախված:
Այժմ գալով անվտանգության երկարաժամկետ երաշխիքների վերաբերյալ հարցերին պետք է նշել, որ ցավոք, այս խիստ փխրուն աշխարհակարգ եւ տարածաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք մզ չի կարող տալ անվտանգային երկարաժամկետ երաշխիքներ:
Ռուսաստանի զբաղվածության եւ շեղմամբ պայմանավորված ռուսական խաղաղապահների երաշխիքների որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը: Մյուս կողմից բոլոր արտաքին թշնամական ուժերը հետեւողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելու, արցախցնիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահությունը ձեւավորելու համար: Վստահ եմ, որ արցախիցն չի տրվում նման սադրանքների, որի վառ օրինակը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ցուցաբերվող հատռուկ վերաբերմունքն է»:
0Comments