Նման բախտորոշ փուլերում էլ ձևավորվում են նոր քաղաքական հոսանքներ, նոր միավորներ․ Իսկ ընդդիմությունը ստանում է այլ տեսք

Մանրամասներ

1

Իշխանությունն ու թուրք-ադրբեջանական կոալիցիան խաղում են բաց քարտերով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «ճանապարհները մերն են», ու դրա դիմաց՝ խաղաղություն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանությունը երեկվանից սկսել է վերադառնալ 1991 թ.՝ արդարացնելու համար աղետը։ Արհեստական պրոցես, ինչը նշանակում է, որ իշխանությունն իր որոշումը կայացրել  է և ապագայի տապալումը փնտրում է անցյալում։

Հայաստանի ապագայի մասին բաց քարտերով է խոսում Ռուսաստանը։ Լուկաշենկոյից սկսած մինչև երեկվանից հրապարակ նետված ռուսահայ էմիսարներ ավետում են, որ Հայաստանը լինելու է նոր Միութենական պետության կազմում։ Սա է մեզ մատուցվող հեռանկարը։ Շատ պարզ, առանց երկիմաստության։

Իսկ հայ ժողովրդի 90 տոկոսն առայժմ պատկերացում չունի իրեն կանխորոշվող հեռանկարի մասին։

Ընդդիմության արձագանքի տարբերակները

Տարբերակ առաջին

Մնալ տանը, սպասել մինչև փաստը կայանա, իշխանությունը տապալի, բերի փլուզումների, հետո կերևա, գուցե շանս կբացվի։ Սա կլինի ծայրահեղ անազնիվ՝ պետության, հասարակության և սեփական ընտրազանգվածի հանդեպ։ Արցախի և պետականության կորստից հետո ո՞ւմ է պետք է այդ շանսը։

Տարբերակ երկրորդ

Ընդդիմությունը չի մնում տանը և որդեգրում է ակտիվ հակաիշխանական հարձակումների մարտավարություն՝ օգտագործելով բոլոր տեխնոլոգիաները։ Հախուռն հակաիշխանական արշավն այսօր վտանգավոր է պետության համար, որովհետև իշխանությունը, այո, զգալիորեն կարող է թուլանալ, բայց այդ ընթացքում չի ձևակերպվելու պետության հեռանկարի այլընտրանքը, պրոցեսը չի բերելու պետական ռացիոնալ շահի, պետությունը է´լ ավելի է թուլանալու։ Հետևանքը լինելու է մեծ, համընդհանուր փլուզումը։

Տարբերակ երրորդ

Ընդդիմությունն ակտիվանում է և, որպես բովանդակություն, որդեգրում է «ֆիդայականությունը»՝ իրականությունից և իրական հնարավորություններից կտրված գաղափարներով։ Զգացմունքային, իռացիոնալ հայրենասիրության պարագայում իշխանությունը շահեկան դիրքում է հայտնվելու՝ միջազգային հանրության և հասարակության մի զգալի հատվածի առաջ։ Ընդդիմությունը դիտվելու է որպես արկածախնդիրների խմբակ, որի ֆոնին իշխանությունը հեռատես և իմաստուն է թվալու։ Այս պարագայում պետությունը ոչ մի օգուտ չի ստանալու, չի հաջողվելու խուսափել վատ սցենարներից, իսկ ընդդիմությունն արագ գնալու է մարման։

Տարբերակ չորրորդ

Ընդդիմությանը հաջողվում է ձևակերպել սառը, պրագմատիկ ծրագրային փաթեթ՝ զերծ մնալով  պոպուլիզմից, հանրությանը հաճոյանալու հնարքներից։ Փաթեթը պիտի ներկայացնի այսօրվա իրականությունը՝ պարզ, առանց թաքցնելու վտանգները, որոնք այսօր բացվել են Հայաստանի ու Արցախի առաջ և հնարավորությունները, որոնք կան՝ դրանք մեղմելու համար։ Ընդդիմությունը պիտի նկարագրի սցենարները, որոնք այսօրվա աշխարհում Հայաստանին ու Արցախին կարող են սպասել, և պիտի ներկայանա այդ ողջ համատեքստում սեփական առաջարկներով՝ փորձելով մնալ առավելագույն սթափության, բայց նաև արժանապատվության սահմաններում։

Այդ փաթեթով այն պետք է ներկայանա հանրությանը, արտաքին դաշնակիցներին, հարևաններին, աշխարհին։

Այդ դեպքում ընդդիմությունը ստանում է հնարավորություն՝ հասարակական զգալի կոնսոլիդացիա ապահովելու, ձեռք է բերում շանս՝ դառնալու Հայաստանի նոր դեմքը և մեծ համախմբվածության արդյունքում պետությունը փրկելու վատագույն զարգացումներից։ Սա բարդ, բայց միևնույն ժամանակ միակ ճիշտ տարբերակն է։  Այս ամենի համար, սակայն, պետք է գրագետ բովանդակություն և կազմակերպչական ծանր աշխատանք։ Ընդդիմությունը նախ իր ներսում պետք է գտնի ֆորմատ՝ քննարկելու բոլոր ցավոտ բովանդակային հարցերը և գալու եզրահանգումների։ Պիտի դադարի լինել սովորական, այս պահի ընդդիմություն, այլ դառնա իրական այլընտրանք Հայաստանի այսօրվա իրականության մեջ։ Պետք է դառնա հասկանալի և ընդունելի՝ հասարակության լայն շերտերի համար։ Դրա թե´ բովանդակային, թե´ տեխնիկական լուծումները կան։

Ցավոք, տիտղոսային ընդդիմությունը կորցրել է կարևոր ժամանակահատված։ Խոսքը ընտրություններից հետո փուլի մասին է։ Այդ ժամանակահատվածում հնարավոր էր կանխատեսել այսօրվա վիճակը և 8-9 ամսվա ընթացքում ձևակերպել բովանդակային այլընտրանք, որով կարելի կլիներ ներկայանալ հանրությանը և համախմբել հասարակության լայն շերտեր։ Ինչո՞ւ դա չարվեց, ես չգիտեմ։ Ցավոք, «Արժանապատիվ խաղաղություն» բանաձևը, որ ընտրություններից առաջ մտցվեց ընդդիմության օրակարգ, այդպես էլ մնաց օտար նրա համար, չդարձավ բովանդակություն, չբացվեց։ Դա պետք էր անել նախորդած ժամանակահատվածում, և այսօր այլ իրավիճակ կլիներ։

Թե ընդդիմադիր զարգացումներից ո՞րը կլինի, դժվար է կանխագուշակել։ Բայց առաջին երեք տարբերակների դեպքում իշխանությունը շահեկան դիրքում է հայտնվելու և ժողովրդին ներակայանալու է, որպես «խաղաղություն բերող», որի դիմաց  կանգնած է «պատերազմի ընդդիմությունը»։

Չափազանց կարևոր է՝ չմսխել ընդդիմության ռեսուրսը։ Սխալ որոշումների արդյունքում դրա ռիսկը մեծ է։ Անհատական մակարդակով այնտեղ կա լուրջ ռեսուրս, կա գրագետ դեմքերի պատկառելի ցանկ, և եթե այդ ռեսուրսը սխալ քայլերով փոշիացվեց, ապա կլինի նկատելի կորուստ և նկատելի վնաս պետությանը։

Հետագա զարգացումներում կարևոր, չեմ բացառում նաև՝ վճռորոշ դերակատարում կարող է ունենալ հանրային այն գործիչների մեծ համայնքը, որոնք, չլինելով ընդդիմադիր ֆորմալ ձևաչափերում, ամենօրյա ռեժիմով խոսում են հասարակության հետ՝ ձևավորելով հանրային տրամադրություններ և բովանդակություն։

Չի բացառվում, որ այս ճակատագրական փուլում, խմորումների և տագնապների ֆոնին, ձևավորվեն նոր քաղաքական հոսանքներ, նոր միավորներ, և ընդդիմությունը ստանա այլ տեսք։ Իրականում դրանք  հենց նման բախտորոշ փուլերում էլ ձևավորվում են։

Հանրային գործիչների, անհատների և մտահոգ հանրության ռեսուրսը կքննարկվի հաջորդիվ։

Շարունակելի

Սկիզբը՝ ԱՅՍՏԵՂ: