Սենատը ձեռքերը ծալած չի նստի. Ամերիկյան սենատորները Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ են հրապարակել

Մանրամասներ

ա

Ամերիկյան դեմոկրատ սենատորները ռուսական կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, զիվորականների, նաեւ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ բանկային հիմնարկների դեմ լայնածավալ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ են հրապարակել այն դեպքի համար, եթե Մոսկվան «Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսի», հայտնում է Reuters-ը։

Առաջարկվող օրենքը, որն աջակցվում է Սպիտակ տան կողմից, ներառում է դրույթներ, որոնք կօգնեն ուժեղացնել Ուկրաինայի անվտանգությունը, եւ կոչ է անում Միացյալ Նահանգներին «դիտարկել բոլոր մատչելի եւ համապատասխան միջոցները»՝ երաշխավորելու, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը՝ «Ռուսաստանի Դաշնության չարամիտ ազդեցության գործիքը», շահագործման մեջ չի դրվի:

«Այս օրենքը շատ հստակ ցույց է տալիս, որ ԱՄՆ Սենատը ձեռքերը ծալած չի նստի, քանի որ Կրեմլը սպառնում է կրկին ներխուժել Ուկրաինա»,- ասվում է Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ռոբերտ Մենենդեսի հայտարարության մեջ:

Մենենդեսի ներկայացուցչի խոսքով՝ ավելի քան երկու տասնյակ դեմոկրատներ, այդ թվում՝ մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը, պաշտպանել են օրինագիծը:

Օրինագիծը «լուրջ ծախսեր կբերի ռուսական տնտեսության համար», եթե Ռուսաստանը «շարունակի ներխուժումը», ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։

Մյուս օրենքները, ինչպիսին հանրապետական սենատոր Թեդ Քրուզի առաջարկած օրինագիծն է, «չեն դիմանա ռուսական հետագա ագրեսիային եւ չեն պաշտպանի Ուկրաինային», հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։