ՀՀ վաստակավոր արտիստ, երաժիշտ Հայկոյի առողջական վիճակն այս պահին կայուն է:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրառում է կատարել երգչի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը:
Նա գրել է, որ ծանր օրեր են իրենց ընտանիքի համար, քանի որ Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է:
«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Արմանը (խմբ. – որդին) տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:
Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»,-նշել է Սիմոնյանը:
Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ:
«Գործի են դրվել բոլոր զենքերը… Հուսանք՝ կհաղթահարեն»,- գրել է նա:
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն հայտնել էր, որ Սիմոնյանն այցելել էր հիվանդանոց՝ տեսակցելու երգիչ, երգահան Հայկոյին: Այլ մանրամասներ նա չէր ասել:
0Comments