ՀՀ ԶՈւ-ն հնարավորություն ունի գերեվարել ադրբեջանցիներին. բոլոր տարբերակները քննարկվում են, որոշումը կկայացվի.  ԳՇ պետի տեղակալ

Իրավիճակ

ա

Հայկական կողմը հնարավորություն ունի գերեվարել Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականներին: Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդուարդ Ասրյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 27-ի առավոտյան Հայաստանի տարածքում ապօրինի գտնվող ադրբեջանցի զինվորները գերի են վերցրել վեց հայ զինծառայողի:

«Այո, մենք ունենք նրանց գերեվարելու հնարավորություն: Մենք կարող ենք գերեվարել նրանց 20-50 զինվորականի: Նրանք նույնպես կգերեվարեն եւ այդպես անվերջ: Քանի որ մենք փորձում ենք իրավիճակը դիվանագիտական ​​ճանապարհով լուծել, վերականգնել սահմանը՝ առանց զենք օգտագործելու եւ ստիպել նրանց հետ քաշվել: Կա նաեւ ուժ կիրառելու եւ նրանց նահանջել ստիպելու տարբերակը: Գերեվարումը, իհարկե, նույնպես մեթոդ է, բայց դա խնդրի լուծմանը չի հանգեցնում: Հակառակը, ի վերջո դա բախման կհանգեցնի: Բայց բոլոր տարբերակները քննարկվում են, որոշումը կկայացվի»,- նշեց գեներալը: