Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարում է, որ թույլ չի տա իր հյուսիսային սահմանների փոփոխություն։
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ։
- Պարո՛ն Ոսկանյան, մերձիշխանական «Հաքքին.az» կայքի գլխավոր խմբագիրը բավականին կոշտ գնահատաններ էր հնչեցրել [«Դավաճանական հարված Իրանից Ադրբեջանին», 18․05․2021] Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հայտարարությունների հետ կապված, որ Իրանը դեմ է հյուսիսային սահմանների փոփոխությանը, որևէ վերտարածաշրջանային ուժի հայտնվելուն։ Հիմա որ հայ-ադրբեջանական լարումները գնալով ավելի են շատանում, ըստ Ձեզ՝ Իրանն ինչպե՞ս կդիրքավորվի, ի՞նչ տեղեկություններ ունեք, ի՞նչ գործողությունների են դիմում իրանական իշխանությունները։
- Տեսեք, ըստ էության, Ձեր նշած ադրբեջանական քարոզչամիջոցն արտացոլում է Բաքվի բռնապետի պաշտոնական տեսակետները։ Ուստի նշված քարոզչամիջոցի այդ տխրահռչակ խմբագրի հոդվածն արտացոլում է այն տեսակետը, որն այսօր տիրում է Բաքվում։ Թեև դա չի արտահայտվում պաշտոնապես, բայց արտահայտվում է հենց այդ քարոզչամիջոցի շրջանակներում, ուստի ակնհայտ է, որ Ադրբեջանում միանշանակորեն դժգոհ են իրանական դիրքորոշումներից։ Իսկ իրանական դիրքորոշումները բխում են այդ պետության շահերից նախևառաջ։ Իրանի պետական և կենսական շահերը պահանջում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հստակորեն պահպանվի, առանց այլևայլությունների պահպանվի։ Եվ հայտարարությունը, որի մասին Դուք խոսեցիք, արվել է ոչ թե սովորական փորձագետի կողմից, այլ Իրանի դիվանագիտական կարևորագույն մարմիններից մեկի, ըստ էության, խորհրդարանական դիվանագիտության ղեկավարի շուրթերով, ուստի սա չէր կարող անհանգստություններ առաջ չբերել Ադրբեջանում։ Եթե փորձենք դիտարկել իրանական դիրքորոշումները հենց իրանական շահերի համատեքստում, ապա այդ շահերը թելադրում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության հետ ունեցած սահմանը, այն սահմանը, որ անցնում է հենց Սյունիքի մարզով, լինի անվտանգ, լինի մշտապես գործող, դրան չսպառնա որևէ վտանգ։ Լինի դա ռազմական վտանգ, լինի, այսպես ասեմ, բնական աղետների հետևանքով վտանգ։ Որպեսզի իրանցիները կարողանան ապահովել իրենց երկրի անխափան հաղորդակցությունը դեպի հյուսիս հենց Հայաստանի վրայով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի այլընտրանքը, ըստ էության, ադրբեջանա-թուրքական չակերտավոր միասնական տարածքն է, որը քաղաքական առումով իրականում միասնական տարածք է։
Եվ կարևոր հանգամանքը, որ պետք է ուշադրություն գրավի, դա այն է, որ իրանցիները կտրականապես դեմ են որևէ միջանցքի գոյությանը Հայաստանի Հանրապետության որևէ տարածքով, և հատկապես Սյունիքում։ Գիտեք, Բաքվի բռնապետը պարբերաբար փորձում է նաև քարոզչական ազդեցություն գործադրել՝ խոսելով չակերտավոր Զանգեզուրյան միջանցքի մասին, իսկ Հայաստանի ինքնիշխանությունից դուրս որևէ ճանապարհային հաղորդակցություն, որը կանցնի Հայաստանի տարածքով, հակասում է Իրանի պետական շահերին։ Այս ամենը հակակշռելու կամ հավասարակշռելու համար Իրանցիներն օգտագործում են թե՛ իրենց դիվանագիտական խողովակները, թե՛ նաև գործնական տիրույթում են փորձում քայլեր ձեռնարկել։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Պարսից ծոցը Սև ծովին միացնող մուլտիմոդել հանգույցի վերաբերյալ գործունեության ակտիվացումն իրանական կողմից։ Ինչը միտված է նաև բնականաբար Հայաստանի համար ապահովելու ոչ միայն տնտեսական շահավետ դիրքեր այս տարածաշրջանում, այլ նաև ճեղքելու Հայաստանի՝ թուրք-ադրբեջանական շրջափակումը։ Եվ այդ ծրագիրն ունի ավելի շատ աշխարհաքաղաքական նշանակություն, թերևս, քան տնտեսական։
- Պարո՛ն Ոսկանյան, պատերազմի օրերին Իրանը մեծաքանակ ռազմատեխնիկա կուտակեց իր հյուսիսային սահմաններին, Հեղափոխության պահապանների կորպուսից այդտեղ ուժեր գնացին։ Հիմա Իրանն ի՞նչ գործողությունների կդիմի, և ըստ Ձեզ՝ ի՞նչ է անում, ինչ-որ տեղեկություններ ունե՞ք։ Իրավիճակը գնալով ավելի է լարվում. թե՛ որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք, և՛ թե որ խոսվում է սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի մասին։
- Կարող եմ հստակորեն արձանագրել, որ իրանական կողմը պահպանում է իր սահմանների ուժեղացված վերահսկողությունն «Ադրբեջան» կոչվող այդ արհեստածին կազմավորման հետ։ Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ չակերտավոր մայրցամաքային Ադրբեջանի հատվածին, թե՛ նաև այն հատվածներին, որոնք Ադրբեջանը բռնազավզթել է Արցախից՝ մերձարաքսյան գոտում, թե՛ նախիջևանյան հատվածին, այսինքն՝ իրանական զորամիավորումներն ուժեղացված հսկողություն են սահմանել այդ հատվածներում։ Եվ երկրորդը, Իրանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ լայն համագործակցության ռազմական տիրույթում։ Բնականաբար այս մասին տեղեկատվությունը բաց աղբյուրներում դժվար է գտնել, բայց, կարծեք թե, որոշակի ազդակներ կան առ այն, որ իրանական կողմը լրջորեն նախաձեռնում է նաև ռազմական համագործակցություն։ Սա շատ կարևոր հանգամանք է, եթե Հայաստանը կարողանա համադրել իրանական ու ռուսական կողմերի հետաքրքրությունները և շահերը մեր տարածաշրջանում, որը, ցավոք, անհնար է՝ հաշվի առնելով ներկայում իրեն իշխանություն համարող վարչախմբի ապաշնորհ գործողությունները։ Բայց այսուհանդերձ Հայաստանը կարող է շատ հետաքրքրիր հարթակ դառնալ ռուս-իրանական նաև ներգրավվածության առումով՝ ձևավորելով, ըստ էության, եռակողմ որոշակի գործունեության դաշտ և գործուենության հարթակ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
0Comments