Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր թափ կստանա։ Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային:
Նա նշեց, որ դրա շնորհիվ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր թափ կստանա։ «Այս պայմաններում մենք, որպես պետություն, պետք է սկսենք ավելի լուրջ մտածել Ցեղասպանության գործընթացն առաջ տանելու մասին, այն տեղափոխելու արդեն իրավական դաշտ, նախապատրաստվելու հատուցման գործընթացին»,- ասաց նա։
Նա չհամաձայնեց, որ այս հարցում ուշացել ենք։ Նշեց, որ գործընթացը բարդ է և ժամանակատար։
«Մեր պետությունը պետք է պարզապես ստանձնի համակարգողի դեր, կարողանա կենտրոնացնել ողջ հայության ինտելեկտուալ, մասնագիտական, փորձագիտական միտքը, որ այդ խնդիրը կարողանանք առաջ տանել։
Գուցե համապատասխան կենտրոններ ստեղծվեն, մասնագետներ հրավիրվեն, բոլոր հարցերը ուսումնասիրվեն։ Դժվար խնդիր է, բայց պետք է համառ և հետևողական աշխատանք տանել այդ ուղղությամբ»,- ասաց նա։
0Comments