Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը երկու քաղաքական օրակարգեր է ձևավորվում՝ այն, որ Սերժ Սարգսյանի օրոք առաջարկվել է գումարով գործարք իրականացնել, և Ս. Սարգսյանը հրաժարվել է, և հասարակության մոտ կարող է առաջանալ նոր քաղաքական օրակարգ, որը հիմնված է ինչ-որ կասկածների վրա, որ եթե այն ժամանակ գործարքը չի ընդունել, և դրա արդյունքում հողային կորուստներ չենք ունեցել, ապա հիմա, երբ պատերազմի ճանապարհով կորուստներ ենք ունեցել, ինչ-որ մեկը հիմա չի՞ ընդունել այդ առաջարկը. Tert.am-ի հետ զրույցում նման հարցադրում արեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նշենք, որ երեկ հրապարակվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը, որտեղ զրուցակիցները խոսում են Արցախի հարցի մասին: «Ամեն դեպքում հետաքրքիր զուգադիպություն է, թե ինչ է, թեև քաղաքականության մեջ զուգադիպություններ քիչ են լինում, բայց այդ ձայնագրությունը ճիշտ ժամանակին հայտնվեց, որը, կարծում եմ, զգալիորեն ուժեղացնում է ընդդիմադիրների դիրքերը»,- նշեց Հակոբյանը:
Անդրադառնալով տարբեր կարծիքներին, թե հնարավոր է ձայնագրությունը մոնտաժված է կամ հետո կրկին առաջարկներ են եղել՝ Վիգեն Հակոբյանը նշեց, որ նման կասկածները հասկանալի են․ «Եթե նույնիսկ մոնտաժված է, արդյո՞ք խոսակցության կոնտեքստը փոխվում է»:
Հարցին, թե զարմանալի չէ՞ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներգրավվածությունը այս հարցում, որ հանդես է գալիս Ադրբեջանի կողմից որպես միջնորդ, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ զարմանալի չէ, քանի որ հայկական բոլոր ղեկավարների օրոք Լուկաշենկոն միշտ եղել է ադրբեջանական շահերի լոբբինգ անողը և միշտ Ադրբեջանի ղեկավարի և ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել.
«Ուզում եմ հիշեցնել, որ Լուկաշենկոյի համար ամենածանր փուլերում, երբ իրեն փող էր պետք լինում և Ռուսաստանի հետ հարաբերությունները հերթական անգամ փչանում էին, գրեթե մեկ – երկու օրվա ընթացքում գիտեր, թե ումից կանխիկ գումար վերցներ, և չի զարմացնում այն հանգամանքը, որ այդ բանակցողն ինքն է եղել, և բանակցողը չի եղել նեյտրալ բանակցող, բոլորն էլ գիտեն, որ նա Ալիևի շահերի պաշտպանն է եղել։ Շատ անգամ մեր ղեկավարներն ինչ -որ հարցեր չէին դնում այդ կառույցներում՝ իմանալով, որ դա չի անցնելու, որովհետև ոչ միայն Լուկաշենկոն, նաև Ղազախստանի ղեկավարը, բացի Ռուսաստանից, առանձնապես դաշնակիցներ չէինք»:
0Comments