Այսօր պետության ճակատագիրն իրավապահների ձեռքում է. Կոստանյանի կոչը քննիչներին և դատախազներին

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել կոչով

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել կոչով։

Նա, մասնավորապես, նշել է.

«Քննիչներին և դատախազներին

Տղե՛րք,

Տարիների աշխատանքի ընթացում վստահ եմ ունեցել ենք տարաձայնություններ տարբեր իրավական հարցերի վերաբերյալ, բայց Հայրենիքին ծառայելու, արդարության և օրինականության վերաբերյալ համոզված եմ՝ ՈՉ:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը  շուրջ երկու տարի առաջ սկսել էր իր ռեպրեսիաներն այն մարդկանց նկատմամբ, որոնք հետագայում կարող էին ինչ-որ ձևով խոչընդոտել իրեն այսօր հանձնել Արցախը։ Այսինք, անհիմն և ապօրինի հարուցվում էին քրեական գործեր, անձինք զրկվում էին ազատությունից, հայտարարվում էին հետախուզումներ, որոնց նպատակը մեկն էր՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այդ մարդիկ չխոչընդոտեին Նիկոլի իրականացնել իր հանցավոր մտադրությունները։ Այսօրվա ձերբակալություններն ու խուզարկությունը դրա ևս մեկ ապացույց:

Ինձ համար, որպես նախկին գլխավոր դատախազի, և Ձեր համար, որպես պրոֆեսիոնալ իրավաբանների, ակնհայտ է, որ այս քրեական գործերն ու մեղադրանքները առնչություն չունեն իրավունքի և օրինականության հետ: Ակնհայտ է, որ այդ փաստական հանգամանքների պայմաններում քրեական օրենսգրքի այդ հոդվածներով անձանց մեղադրանք առաջադրելը ոչ միայն ապօրինի է, այլև՝ անբարոյական: Վստահ եմ, որ այն քննիչները և դատախազները, ովքեր մասնակցում են այս ապօրինություններին, իրենք էլ գիտեն, որ ոչ միայն կատարում են հանցագործություն, այլև՝ պարտակում են Հայրենիքի և սերունդների հանդեպ կազմակերպված դավադրությանն ու դավաճանությանը:

ՀՀ քննիչներ, դատախազներ, տղե'րք, Դուք կարողանալու՞եք նայել զավակին կորցրած մոր աչքերին, սեփական տունը վառող մարդու աչքերին, դուք կարաղանալու՞ եք նայել ծնողի ու զավակի գերեզմանը քանդող ու մասունքը Արցախից Հայաստան տանողի աչքերին: Բարոյական բոլոր սահմաններն հատված են: Այսօր պետության ճակատագիրն իրավապահների և ուժայինների ձեռքում է: Տղե'րք, դուք կամ կփրկեք պետությունը կամ ձեր սերունդները ևս քաղաքական իշխանության սերունդների հետ կկրեն դավաճանի զավակի ծանր բեռը: Ձեր ղեկավարները արդեն որոշել են իրենց և իրենց սերունդների ճակատագիրը, Դուք էլ որոշեք Ձերը»։