Ջորջիա նահանգի իշխանություններն ընտրությունների ձայների վերահաշվարկ կանցկացնեն

Քվեարկության նշանակությունը դուրս է գալիս Ջորջիայի սահմաններից. այն մեծ հետևանքներ է ունենալու ամբողջ երկրի համար. Ռաֆենսպերգեր

ԱՄՆ Ջորջիա նահանգի իշխանություններն ընտրությունների ձայների վերահաշվարկ կանցկացնեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխնահանգապետ Բրեդ Ռաֆենսպերգերը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ջորջիայում Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի ստացած ձայների միջև նման աննշան տարբերության պայմաններում վերահաշվարկ կանցկացվի։ Քվեարկության նշանակությունը դուրս է գալիս Ջորջիայի սահմաններից։ Այն մեծ հետևանքներ է ունենալու ամբողջ երկրի համար», - հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆենսպերգերը, որը պատասխանատու է նահանգում քվեարկության անցկացման և արդյունքների ամփոփման համար։

Նշվում է, որ ըստ նախնական տվյալների՝ Ջորջիայում Բայդենը հավաքել է 2 450 144 ձայն, մինչդեռ Դոնալդ Թրամփը՝ 2 448 558 ձայն: Ջորջիայում հաղթանակը նախագահի թեկնածուներից մեկին կտա ընտրիչների 16 ձայն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։