Ինձ նման եղեք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Եթե դուք կամենում ու օգնում եք այլոց, որպեսզի Ինձ մոտենան, ապա վստահ եղեք, որ աղոթք դարձած ձեր այդ ցանկությանը պատասխան կտրվի
Հիսուս

Մարտի 3

Մտածեք Իմ մասին: Հաճախ նայեք Ինձ և առանց իմանալու Ինձ կնմանվեք: Այս փոփոխությունը դուք, իրապես, չեք նկատի, որովհետև որքան ավելի մոտենաք Ինձ, այնքան ավելի կզգաք Ինձ նման չլինելը: Նշանակում է՝ ճիշտն այն է, որ այս մասին դուք բնավ չմտածեք:

Գիտակցումը՝ ձեր ձախողված լինելու, արդեն իսկ հաստատուն նշան է, որ դուք քայլ առ քայլ Ինձ եք մոտենում: Եթե դուք կամենում ու օգնում եք այլոց, որպեսզի Ինձ մոտենան, ապա վստահ եղեք, որ աղոթք դարձած ձեր այդ ցանկությանը պատասխան կտրվի:

Իմացեք՝ այդ մաքառումն է, որ ցավ է պատճառում: Անգործության ժամանակ մարդը հոգեկան, ֆիզիկական կամ մտավոր ձախողումներ կամ անհանգստություններ չի ապրում, բայց ահա գործելիս, երբ ճիգեր է թափում, ոչ թե Ուժի գիտակցումն է ունենում, այլ՝ տկարության, հատկապես սկզբնական շրջանում: Այս էլ ստույգ նշան է Կյանքի և Հոգևոր Աճի: Հիշեք՝ Իմ Զորությունը իր կատարելությանն է հասնում տկարության մեջ: