Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Այցի ընթացքում Գիորգի Գախարիան հանդիպումներ կունենա նախագահ Արմեն Սարգսյանի, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:
Հիշեցնենք, որ նորանշանակ Վրաստանի վարչապետն իր առաջիկա պաշտոնական այցը կատարեց Ադրբեջան, որի ընթացքում թուլացավ վրաց-ադրբեջանական Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ առկա հակամարտությունը: Գախարիան Ադրբեջանում ուշագրավ դիտարկումներ էր արել, որոնք դուրս չէին մնացել հայկական լսարանի ուշադրությունից:
«Մենք կապացուցենք մեր բարեկամներին և թշնամիներին, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել եղբայրաբար»,- նշել էր Գախարիան: «Թշնամի» մեկնաբանությունը շատերը որակել էին՝ ոչ այնքան բարեկամական քայլ Հայաստանի հանդեպ Վրաստանի վարչապետ Գախարիայի կողմից:
«168 Ժամի» հետ զրույցում վրացի փորձագետ Իրակլի Մենագարիշվիլին նշեց, որ հարկ չկա Գախարիայի այդ մեկնաբանությունը լուրջ դիվանագիտական ենթատեքստ կրող արտահայտություն դիտարկել, քանի որ դա արված է Ադրբեջանում վրաց-ադրբեջանական հակամարտության թեժացման փուլում, երբ երկու կողմերը միմյանց համար անում են հայտարարություններ մթնոլորտն ավելի բարենպաստ դարձնելու նպատակով:
«Կարծում եմ՝ Վրաստանի վարչապետը թշնամի ասելով՝ նկատի է ունեցել միմիայն Ռուսաստանին: Փաստը, որ երկրորդ այցը տեղի է ունենալու Հայաստան, թույլ է տալիս պնդել, որ հարևանների հետ հարաբերությունների զարգացումը Վրաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի»,- ասաց Մենագարիշվիլին՝ հավաստիացնելով, որ սա այն դեպքն է, երբ տողատակեր պետք չէ փնտրել:
Ինչ վերաբերում է հայ-վրացական օրակարգին, ապա, նախկին դիվանագետի խոսքով, քննարկման ենթակա հարցերը շատ են, քանի որ, լինելով հարևաններ, Վրաստանն ու Հայաստանը չեն կարողանում արձանագրել մի միտում, երբ հարաբերություններն անընդհատ խորանում են, զարգանում են միաժամանակ բոլոր ուղղություններով:
«Որքան հասկանում եմ, մեր երկրները կարողանում են ջանքեր ներդնել միայն արտաքին քաղաքական գլոբալ խնդիրները լուծելու համար, իսկ միմյանց դիտարկում են «ոչ մի տեղ չի փախչի» տրամաբանությամբ, ինչը սխալ է, քանի որ դրանից տուժում են քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները: Ուստի մեր օրակարգում պետք է լինի երկկողմ ամենակարևոր հարցը՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և բազմակողմ ձևաչափերի զարգացումը Իրանի, տարածաշրջանային մյուս երկրների մասնակցությամբ: Սա է հարկավոր մեր հարաբերություններին»,- ասաց Մենագարիշվիլին՝ հույս հայտնելով, որ այցը Հայաստան չի լինի ծանոթություն իշխանությունների միջև, այլ գործնական հարցերի քննարկման, հստակեցման և տեսալականների ուրվագծման հնարավորություն:
«Հասկանալի է նաև, որ սա առաջին այցն է, որից էական ակնկալիքներ չենք կարող ունենալ, բայց մեր ցանկությունն է և կարծիքը, որ այն, ինչ կա, բավարար չէ նման հարևանների համար, ինչպիսին մենք ենք, և այն ներուժը, որը կա մեր հարաբերություններում, իրացված չէ: Պետք է բացահայտել այդ ներուժն ու իրացնել, և դա պետք է երկկողմ ցանկության և ջանքերի արդյունք լինի»,- ասաց նա:
0Comments