Կոպենհագենի համալսարանի (Դանիա) գիտնականները պարզել են, որ ԱՄԲ-ի օգնությամբ երեխաներ ունեցած կանանց մոտ ավելի հաճախ է առաջանում կրծքագեղձի քաղցկեղ։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են 625712 կանանց տվյալները, որոնց հետեւել են 21 տարի։ Փորձի ենթարկվողների մի մասը օգտվել է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներից, այդ թվում ԱՄԲ-ից։ Պարզվել է, որ այդ խմբում կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը բարձրացել է 10 տոկոսով։
Բացի այդ, պարզվել է, որ ԱՄԲ-ի օգնությամբ երեխա ունեցած կանանց մոտ, որոնք եղել են 40 եւ ավելի տարեկան, նորագոյացությունների առաջացման վտանգը 65 տոկոսով ավելանում է նույն տարիքի կանանց համեմատ, որոնք հղիացել են բնական ճանապարհով։
Մասնագետների կարծիքով՝ պատճառը կարող է թաքնված լինել օրգանիզմի խոցելիության մեջ՝ կապված հորմոնալ բուժման հետ ավելի հասուն տարիքում։ Բանն այն է, որ ԱՄԲ-ի դեպքում սովորաբար կիրառվում են ձվազատման խթանման դեղամիջոցներ։ Արդյունքում՝ օրգանիզմում բարձրանում է էստրոգենի մակարդակը, որը խթանում է կաթնագեղձի քաղցկեղային ուռուցքների տեսակների մեծ մասի աճը։
Այս առնչությամբ փորձագետները նշել են պացիենտներին պոտենցիալ վտանգի մասին նախազգուշացնելու անհրաժեշտության մասին։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Վիեննայում, Մարդու վերարտադրման եւ սաղմնաբանության եվրոպական ընկերության (ESHRE) ամենամյա համաժողովում։
0Comments